Երևանի ավագանու նիստը տևեց շուրջ 11 ժամ. ինչ որոշումներ կայացվեցին
***
Հաշվի առնելով ՀՀ-ում COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը և վերջինով պայմանավորված տնտեսական գործունեությունների արգելքը, անհրաժեշտություն է առաջացել թեթևացնելու Երևանի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական բեռը: Երևանի ավագանին 60 միլիոն դրամի չափով տեղական տուրքի արտոնություն սահմանեց մոտ 2000 տնտեսվարողների համար։
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ կթեթևացվեն Երևանում բնակվող խոցելի ընտանիքների առջև ծառացած սոցիալական խնդիրները։ Համավարակի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքները հաշվի առնելով` ՀՀ-ում բնակվող միակողմանի ծնողազուրկ երեխաները, ներքին տեղահանված անձինք, փախստականների կարգավիճակ ունեցող անձանց երեխաները և ՀՀ-ում ապաստան հայցող անձանց երեխաները Երևանի ենթակայության մանկապարտեզներից կօգտվեն անվճար, իսկ արտադպրոցական հաստատություններում, երաժշտական և արվեստի դպրոցներում՝ զեղչով։
***
Ավագանին հավանություն տվեց նաև Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու որոշման նախագծին: Խորհրդի գործունեության նպատակն է մայրաքաղաքի սոցիալապես խոցելի անդամների աջակցությունը, ուսանողների ուսման մասնակի վճարումը: Քաղաքապետին կից խորհուրդը կաշխատի նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի ՊԲ-ում ծառայության իրականացման ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացածների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
***
Երևանում ներդրվում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Ավագանու նիստում այսօր առաջին փուլով ներկայացվեց կառուցվածքային փոփոխությունը: Սոցիալական ապահովության վարչության ու Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն Երեխայի և սոցիալական պաշտպանության վարչություն կձևավորվի, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր կիրականացնի մայրաքաղաքում: Նախաձեռնության նպատակը Երևանում երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտներում համակարգի բարեփոխումներին աջակցելն է: Նոր համակարգով առաջարկվում են գործուն մեխանիզմներ՝ ուղղված քաղաքային կառավարման կառուցվածքային փոփոխություններին, տեղական մակարդակում նշված համակարգի արդյունավետ բարելավմանը, բազմակողմանի համագործակցությանը, ինչպես նաև՝ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը:
***
Երևանի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը կգումարվի սեպտեմբերի 8-ին: