երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Աշխատանքային հանդիպում` Երևանի առողջության կենտրոնների ղեկավար կազմի հետ

Աշխատանքային հանդիպում` Երևանի առողջության կենտրոնների ղեկավար կազմի հետ

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, առողջության կենտրոններում բուժառուների սպասարկման և հաղորդակցության մշակույթի վերաբերյալ արձանագրված խնդիրների լուծման նպատակով, քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հանդիպել է Երևանի առողջության կենտրոնների տնօրենների և վարչական անձնակազմի հետ։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են բուժհաստատություններում սպասարկման որակի բարձրացմանը, բուժառուների հետ պատշաճ և հարգալից հաղորդակցությանը, բժշկական օգնության կազմակերպմանը, ինչպես նաև բուժանձնակազմի աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բուժառուների հետ շփման մշակույթին։ Բուժհաստատություն դիմող յուրաքանչյուր մարդ պետք է ստանա պատշաճ բժշկական օգնություն և հանդիպի բարեհամբույր, հարգալից ու մասնագիտական վերաբերմունքի։

Քաղաքապետի հանձնարարականի շրջանակում առողջության կենտրոնների անձնակազմի համար նախատեսվում է նաև դեոնտոլոգիայի՝ բժշկական էթիկայի, մասնագիտական վարվեցողության և հաղորդակցության կանոնների վերաբերյալ կրթական ծրագիր։ Այն ուղղված կլինի բուժառուների հետ հաղորդակցության որակի բարելավմանը և սպասարկման միասնական չափանիշների ամրապնդմանը։

  • Կիսվել: