հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևան քաղաքի հանրային տրանսպորտի երթուղային ցանցին անհրաժեշտ կլինի 120-150 միլիոն եվրոյին համարժեք դրամ. փոխնախարար

Երևան քաղաքի հանրային տրանսպորտի երթուղային ցանցին անհրաժեշտ կլինի 120-150 միլիոն եվրոյին համարժեք դրամ. փոխնախարար

ՀՀ-ի և վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագրի» վարկային համաձայնագիրը, որի շրջանակներում ֆինանսավորման չափը կազմում է 20 միլիոն եվրո, իսկ վարկի ժամկետը սահմանվում է 15 տարի: Այս մասին այսօր ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «WYG international limited» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ»,- ասաց նա:

Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019 թվականի գարնանը քննարկել է նշված բանկի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը, համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում:

«Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 միլիոն եվրոյին համարժեք դրամ: Հիմք ընդունելով կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար և տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը, Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021 թվականի փետրվարի մեկին հայտարարել է նախնական գնման երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով»,- ներկայացրեց Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, մրցույթային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021 թվականի մարտի 31-ը:

«Հաշվի առնելով Երևան քաղաքում գործող տրանսպորտային ցանցի բարելավման առաջնահերթությունը և Երևան համայնքի քաղաքացիների անվտանգ ուղևորափոխադրումները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նպատակահարմար են համարում համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը»,- նշեց նա:

  • Կիսվել: