ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեխան պատվաստված է եղել, բայց վարակվել է կարմրուկով. ՀՀ ԱՆ–ն հետաքննություն է սկսել

Երեխան պատվաստված է եղել, բայց վարակվել է կարմրուկով. ՀՀ ԱՆ–ն հետաքննություն է սկսել

Հայաստանում երեխայի մոտ գրանցվել է կարմրուկի դեպք, սակայն նրա ամբուլատոր քարտում նշված է եղել, որ նա պատվաստված է։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Սա առիթ է մեզ համար հետաքննելու` ինչպես են իրականացվել պատվաստումները»,– հայտնեց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ պատվաստման գործընթացում արդեն խախտումներ հայտնաբերվել են, դրանցից մեկը` Գեղարքունիքի մարզում։
 
«Պարզել ենք, որ ավելի քան 10 տարի առաջ այդ մարզի բնակավայրերից մեկում բուժքույրը թույլ է տվել պատվաստումային խախտումներ։ Մենք հիմա այդ համայնքի համար վերաիմունիզացիոն ծրագիր ենք անում, որպեսզի այն մարդիկ, որ այդ տարում են պատվաստվել` նորից պատվաստվեն»,– նշեց նախարարը։
Նախարարը հայտնեց, որ այս պահին իրականացվում է նաև համաճարակային հետազոտություն պարզելու համար, թե վարակվածներն ու հիվանդները անցել են պատվաստում, թե ոչ։

  • Կիսվել: