Երեկ սպանված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրամասի պետի տնից 5 մլն դրամ արժողությամբ զարդեր են հափշտակել
Երեկ Քաջարանում սպանված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետի տնից հափշտակել են նրա որդուն պատկանող 5 միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդերը:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
58-ամյա պետին իրավապահները հայտնաբերել են Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում՝ գլխի և մարմնի այլ հատվածներում բազմաթիվ քերծվածքներով և արյունազեղումներով, ձեռքերը կպչուն ժապավենով կապված վիճակում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով):
Հիշեցնենք, որ սպանվածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին՝ Մ. Ոսկանյանը, նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։