հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵՊՀ-ում նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը․ ԱՄՆ դեսպան

ԵՊՀ-ում նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի դեկտեմբերի 9-ին մասնակցեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ տեղի ունեցավ նաև ԵՊՀ-ում «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը։ 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ 2019թ., դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից, ԵՊՀ-ն ձեռնամուխ եղավ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ձևավորման աշխատանքներին։ Նա ընդգծեց՝ ծրագրի իրականացման աշխատանքներում ԵՊՀ-ի գործընկերն էր Արիզոնայի համալսարանը։ 

«Մշակութային փոխանակումները, կրթական փոխանակումները էական նշանակություն ունեն անհատի ձևավորման վրա։ Ես կարծում եմ, որ այն ուսանողները, որոնք ծրագրի շրջանակներում նոր գիտելիքներ ձեռք կբերեն, էական ազդեցություն կունենան մեր ներքին կրթական մթնոլորտի բարելավման վրա»,-նշեց Հովհաննիսյանը։ 

Իր ելույթը շարունակելով՝  նա նշեց, որ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը կծառայի որպես ԱՄՆ հասարակական-քաղաքական իրողությունների շուրջ հետազոտությունների ու վերլուծությունների կարևոր կառույց։ Իսկ մագիստրոսական կրթական ծրագրով արդեն կատարվել է առաջին՝ 2021-22 ուսումնական տարվա ընդունելությունը։ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ԱՄՆ-ից կայցելեն նաև պրոֆեսորներ, դասախոսական կազմ, որոնք հանդես կգան դասախոսություններով։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ  մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս Հայաստանում ուսումնասիրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը: 

«Ուսանողները ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կարողանում են առավել լավ պատկերացնել ու հայ հասարակությանը պարզաբանել ամերիկյան հասարակա-քաղաքական իրողությունները»,-ասաց դեսպան Թրեյսին:

ԱՄՆ-ը դեսպանը խորհրդանշական համարեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը բացվել է 1991 թվականին դեկտեմբերին և գրեթե ուղիղ 30 տարի անց ազդարարվում է Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացումը։ Դեսպանը վստահեցրեց՝ մագիստրոսական ծրագիրը կարող է մեծ ներդրում ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցում։

  • Կիսվել: