ԵՊՀ - ն իր շրջանավարտներին հրավիրում է մասնակցելու առաջին անգամ կազմակերպվող ֆորումին
Երևանի պետական համալսարանում մայիսի 15-16-ին առաջին անգամ տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակն է ստեղծել համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակ, ինչի միջոցով ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին:
Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, ֆորումի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, բանախոսություններ, ինչպես նաև կստեղծվի ոչ ֆորմալ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորություն։ Ակնկալվում է, որ ֆորումի մասնակիցների ձևակերպած խնդիրները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները հիմք կծառայեն շրջանավարտների համայնքի հետագա գործունեության կազմակերպման համար։ Դրանով պայմանավորված՝ միջոցառման ընթացքում կանցկացվի նաև քննարկումների շարք՝ ի նպաստ ԵՊՀ շրջանավարտների համայնքի կայացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը։
ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը կմեկնարկի պանելային քննարկումներով, որոնք նվիրված կլինեն համալսարանի և համալսարանական համայնքի անելիքներին և առաջնահերթություններին այսօրվա Հայաստանում։ Այս համատեքստում հաջորդիվ կազմակերպվող քննարկումներն ու բանախոսությունները կընդգրկեն թեմատիկ չորս շրջանակ.
- Ֆիզիկական աշխարհ
- Տիեզերք և տեխնոլոգիաներ
- Հասարակություն և տնտեսություն
- Լեզու, մշակույթ, պատմություն և ավանդույթ։
Ֆորումի արդյունքները կամփոփվեն ոլորտային քննարկումների եզրակացությունների ներկայացմամբ և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակների շնորհմամբ։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։
Օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ: