շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2019-20թթ. ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը

ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2019-20թթ. ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը

Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2019-2020թթ. ուսումնական տարում նախատեսված կատարողականը: Այս մասին հայտնեցին համալսարանի լրատվական ծառայությունից:

Հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա է եղել ՀԽ 17 անդամ` համալսարանականների կողմից ընտրված 16 և կառավարության կողմից ընտրված մեկ անդամ` Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ Նախորդ օրերի ընթացքում ՀԽ 15 անդամ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել, որոնցից 14-ը մակագրված են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նիստի սկզբում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը նշել է, որ դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը։

Նախքան նիստի օրակարգի հաստատումը, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջարկել է քննարկել ՀԽ անդամակցությունից հրաժարված անդամների պահվածքը և հանդես գալ հայտարարությամբ, Ավետիք Քերոբյանն առաջարկել է օրակարգում ներառել ՀԽ նախագահի ընտրության հարցը, իսկ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջարկել է օրակարգում ներառել Հոգաբարձուների խորհրդի՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հարցը։

Կառլեն Խաչատրյանի առաջարկի ընդունումից հետո ՀԽ-ն քննարկել է Ավետիք Քերոբյանի առաջարկը՝ մասնավորապես հնչեցնելով մտահոգություններ, թե ներկա անդամների կողմից ընտրությունը հետագայում կարող է խնդրահարույց լինել և առաջացնել լեգիտիմության հարց, քանի որ ներկաների գերակշիռ մասը համալսարանական անդամներ են: Առաջարկն ընդունելուց ու հարցն օրակարգում ընդգրկելուց հետո Ավետիք Քերոբյանն առաջարկել է նաև ներառել դիմում գրած անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը, քանի որ դա, ըստ աշխատակարգի, ՀԽ-ի իրավասությունն է:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նշել է, որ երեկ երեկոյան գրություն է ուղարկել կառավարություն` տեղյակ պահելով, որ 30-օրյա ժամկետում պետք է նշանակել նոր անդամներ։

Օրակարգը վերջնական հաստատելուց հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը ՀԽ-ի հաստատմանը ներկայացրել է 2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը:

Հաշվետվության և կատարողականի մանրամասն ներկայացումից ու հարցուպատասխանից հետո ՀԽ անդամները բավարար են գնահատել իրականացված աշխատանքները և հաստատել կատարողականը:

Օրակարգային հաջորդ հարցին անցնելով՝ ՀԽ անդամները հաստատել են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման հարցը, որի հիմնավորումը նախապես ուղարկվել էր անդամներին, որպեսզի այն համապատասխանեցվի օրենսդրությանը:

 

Օրակարգային երկու հարցերի քննարկումից հետո որոշվել է նիստն ընդմիջել և շարունակել ապրիլի 15-ին, ժամը 17:00-ին:

  • Կիսվել: