հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ենթադրենք՝ ԱԺ-ում մեծամասնությունը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից. Ռուբինյան

Ենթադրենք՝ ԱԺ-ում մեծամասնությունը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից. Ռուբինյան

ԱԺ նախագահն ավելի քան 3 ժամ առաջ հայտարարեց, որ 21։30–ից հետո սկսելու է նիստը, եւ ընդդիմությունը կրկին չկա: Այս մասին մարտի 31–ին ԱԺ արտահերթ նիստի ժամանկ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, սա լավագույն ապացույցն է, որ այն հայտարարությունները, որ արվում էին 3 ժամ առաջ առ այն, որ ընդդիմությունն այստեղ չի, որովհետեւ իրենց ուշ են զգուշացրել, ընդամենը շոու էր, ընդ որում՝ ոչ թե անմեղ շոու էր, այլ շատ կարեւոր եւ ծանր վիճակում, արտակարգ դրության պայմաններում՝ մանիպուլյացիա էր։

Նա նշեց, որ կա հստակ խնդիր, որ կապված է մարդկանց կյանքերի հետ: «Պարետատունն առաջարկում է մեզ, իրենց հնարավորություն տալ ներդնել մի մեխանիզմ, որը կարող է նպաստել նրան, որ փրկվեն մարդկային կյանքեր։ Ընդդիմությունը շատ ցածր մանիպուլյացիաներով ստեղծում է տպավորություն, որ նախագիծը գաղտնալսման մասին է, ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, սիրելի ժողովուրդ, նախագիծը գաղտնալսումներ չի ենթադրում:

Եթե ես, որպես պատգամավոր, մոռանամ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների այսօրվա պահվածքը, բայց որպես քաղաքացի ես  երբեք դա չեմ մոռանալու, որովհետեւ սա շատ անլուրջ եւ անպատասխանատու պահվածք է։ Եկեք գնանք սրիկայության կանխավարկածով։ Ենթադրենք Կառավարությունում բոլորը սրիկաներ են, ԱԺ–ում մեծամասնությունը, բոլորը սրիկաներ են, բացի Սասուն Միքայելյանից։

Ո՞րը կարող է տրամաբանական պատճառ լինել մեզ համար, որ ուզենանք 20 օրով մարդկանց զանգերը ֆիքսել, ի՞նչ պետք է ստանանք մենք դրանով, եթե լինեինք բռնապետական պետություն, գուցե ինչ որ իմաստ լիներ, ասենք վաղուց մտածած լինեինք, որ  Գեւորգ Գորգիսյանը մեծ վտանգ է այս իշխանությա համար, բայց այդպես չէ։ Այսօր հանրապետական վերջին թափթփուկից բռնած մինչեւ Գեւորգ Գորգիսյան, ազատ խոսում են, գրում են, ինչ ուզում անում են»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: