ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էկրաններ կբարձրանա Սերժ Թանկյանի ու Հայաստանի հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմը  (տեսանյութ)

Էկրաններ կբարձրանա Սերժ Թանկյանի ու Հայաստանի հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմը (տեսանյութ)

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին պատմող Truth to Power ֆիլմն էկրաններ կբարձրանա փետրվարի 19-ին։ Մինչ այդ Rolling Stone-ը հրապարակել է ֆիլմի վերաբերյալ կարճ տեսահոլովակ, գրում է armenpress.am-ը:  

Հոլովակում Թանկյանն այցելում է Հոլիվուդի կենտրոնում գտնվող Լիթլ Արմենիա հայկական թաղամաս, ցույց տալիս հայկական դպրոցը, եկեղեցին, սրճարաններն ու ռեստորանները: Նա նշում է, որ ընտանիքն այստեղ է տեղափոխվել 1975 թվականին: «Սա բնակավայր էր, որտեղ հայեր կային ողջ աշխարհից»,- նշում է նա:

Ֆիլմը պատմելու է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության գործում երգչի ունեցած դերակատարման, ինչպես նաև նրա քաղաքացիական ակտիվության մասին:

«Բացառիկ հարցազրույցներով, արկածներով և Սերժի կողմից արված տեսանկարահանումներով Truth to Power ֆիլմը թույլ է տալիս դիտողներին ետնաբեմից տեսնել ինչպիսինն է միջազգային ռոք աստղը, ում հավատն առ երաժշտություն ոչ միայն հեղափոխեց մետալը, այլև համաշխարհային իրադարձությունները», - փաստագրական ֆիլմի մասին ասում է Oscilloscope Laboratories կինոընկերությունը:

Կինոընկերությունը նշում է նաև, որ իր ողջ կյանքի ընթացքում Թանկյանը պայքարել է հանուն սոցիալական արդարության: «Տասնամյակ շարունակվող նրա պայքարը՝ հանուն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման, ի վերջո հաջողության հասավ Սենատի կողմից: Կառավարություններն ատում են նրան, սակայն ժողովուրդը սիրում է»,- նշում է Oscilloscope Laboratories-ը:

  • Կիսվել: