շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից երրորդը՝ նշխարների գյուտը

Եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից երրորդը՝ նշխարների գյուտը

Հոգեգալստյան տոնի երրորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից երրորդը՝ նշխարների գյուտը:

Ավանդության համաձայն, երբ լրացավ Լուսավորչի քահանայապետության երեսուն տարին, Տիրոջ հրամանով նա ելավ Սեպուհ լեռան կատարը և առանձնացավ լռության մեջ՝ Մանյա անունով մի քարայրում:

Սրբի մահից միայն որոշ ժամանակ անց մի քանի հովիվներ, երբ պատահմամբ քարայր մտան հանգստանալու, գտան նրա մարմինը և ենթադրելով, որ պարզ ճգնավոր է, քարակույտի տակ ամփոփեցին նրան և հեռացան:

Տարիներ անց,  Գառնիկ անունով մի ճգնավոր տեսիլքով գտնում է սրբի մարմինը: Վերջինս հայոց հայրապետի նշխարները փոխադրեց և ամփոփեց Դարանաղյաց գավառի Թորդան ավանում: Հետագայում այդ վայրում կանգնեցրեցին մի վկայարան: Նշխարների մի մասը տարվեց քաղաքամայր Վաղարշապատ, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: 5-րդ դարում Զենոն կայսրը սրբի մարմինը տեղափոխում է Պոլիս, 7-րդ դարում Գրիգոր Լուսավորչի Աջը բերվում է Հայաստան, որը  պահպանվում է Ս. Էջմիածնում: Այն սրբալույս Մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է և Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը:

Ս. Գրիգոր Լուսավորիչը մեր հավատքի հայրն է իր հավատքով ու նվիրումով։ Ու մենք իբրև Հայ եկեղեցու զավակներ ոչ միայն խնդրում ենք սրբի բարեխոսությունը, այլև հաշվետու ենք սրբի առաջ:

Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքի ընթացքում կանգնում է պայքարելու և արդար պայքարում հաղթող դուրս գալու խնդրի առաջ, որի լավագույն օրինակը կարելի է տեսնել Ս. Գրիգոր Լուսավորչի կերպարում:

Օրվա խորհուրդը մեր միտքն ու ուշադրությունը հրավիրում է հատկապես Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների վրա, որոնց արդյունքում կառուցվեց հայոց Գողգոթան: Բոլոր տաճարները` կառուցված հայոց աշխարհում, կարծես Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների վկայությունն են, որոնք դարձել են կենդանի աղոթք և ճշմարիտ խոստովանություն: «Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից». Քրիստոսի այս պատգամը ոչ միայն հնչեց Հայոց աշխարհում, այլ նաև կյանքի կոչվեց: Ս. Գրիգոր Լուսավորիչը վերցրեց իր խաչը և հետևեց Քրիստոսին: Եվ ինչպես Տիրոջ տասներկու առաքյալները եղան Քրիստոսի եկեղեցու սյուները, այնպես էլ Ս. Գրիգոր Լուսավորչի տասներկու սոսկալի չարչարանքներով կառուցվեց Հայոց Վերնատունը, որտեղ մշտապես հայտնվում է մեր Տեր Հիսուս Քրիստոս` Իր խաղաղությունն ու օրհնությունը բաշխելով ամենքիս։

Ս. Գրիգոր Լուսավորչի սրբության ամբողջ բովանդակությունը սե՛րն է, համբերության գաղտնիքը սե՛րն է, հաղթանակի գրավականը սե՛րն է:

  • Կիսվել: