Եկատերինբուրգում կկայանա գեղեցկության առաջնություն, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը
2020 թվականի փետրվարի 23-24-ը Եկատերինբուրգի Ելցինի կենտրոնում տեղի է ունենալու գեղեցկության առաջնություն, որին կմասնակցեն վարսահարդարներ, դիմահարդարման արվեստագետներ և վարպետներ Սիբիրից, Հեռավոր Արևելքից, Ռուսաստանի հարավից և հյուսիս-արևմուտքից: Այս մասին infoPort.am-ին տեղեկացրին համահայկական գեղեցկության փառատոնի գրասենյակից։
Լինելու են հյուրեր նաև Իտալիայից, Իսրայելից, Լեհաստանից, Էստոնիայից, Չեխիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Թունիսից, Հնդկաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իրանից և շատ այլ երկրներից: Հայաստանից մասնագետներ ևս լինելու են։ Նրանց պատվիրակությունը Եկատերինբուրգ մեկնելու է «Ռաի Սթայլ» գեղեցկության միջազգային ակադեմիայի հիմնադիր Ռաիսա Մելքոնյանի գլխավորությամբ։
Միջոցառումը կգլխավորի Ռուսաստանի վարսահարդարների համաշխարհային կազմակերպության նախագահ և փոխնախագահ, աշխարհի բազմակի չեմպիոն, վարսահարդարման լեգենդ Վաժա Մխիթարյանը։
Գեղեցկության թրենդային մոտեցումները թելադրող վարպետների մասնակցությամբ միջոցառման կազմակերպիչը Վարսահարդարների համաշխարհային կազմակերպությունն է, որը 83 տարեկան գրանցել է զգալի հաջողություններ ու համարվում է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կազմակերպիչներից մեկը:
Ստեղծագործությունը սահմաններ չունի և հենց ստեղծագործությունն է, որ միավորում է տարբեր երկրների, մասնագիտությունների տեր մարդկանց, ընդգծում են միջոցառման կազմակերպիչները։ Նրանք ձգտում են գեղեցիկը կերտող վարպետների մասնակցությամբ միջոցառումը գունեղ և գրավիչ դարձնել ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ գեղեցկության սրահների և վարսահարդարների պոտենցիալ հաճախորդների համար:
Տեղեկանք
Գեղեցկության աշխարհի առաջնություն կազմակերպվել է 2019 թվականին Ճապոնիայում, որին մասնակցել են ավելի քան 700 ուժեղագույն վարպետներ աշխարհի 25 երկրներից: Նկատենք, որ Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Ուրալի շրջանի ութ վարպետներ, ովքեր վերադարձել որպես աշխարհի չեմպիոն: 2018 թվականին Իտալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի հավաքականը գրավել է 1-ին տեղը: