երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին

Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին

Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Իր եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պարզաբանեց պայմանագրի շրջանակում քննարկված որոշ թեմաներ, որոնցից մեկը վերաբերում էր թմրանյութերի աճին:

Նրա խոսքով՝ թմրանյութերի հայտնաբերման քանակական աճը կարող է խոսել երկու երևույթի մասին:

«Հուսամ՝ ձեր մեջ կան իրավաբաններ, գիտեն՝ ինչ է նշանակում լատենտայնությունը: Լատենտայնությունը նշանակում է՝ հանցագործությունը թաքուն, գաղտնի տիպի է: Այս հայտնաբերումները վկայում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատանքի որակի բարելավման մասին, այլապես մենք չէինք ունենա յուրաքանչյուր տարի, 2023 թվականից ի վեր, աճող հայտնաբերումների քանակ այն պարագայում, երբ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը աճում է շատ ավելի մեծ տեմպերով և պատիկներով, այսինքն՝ մենք կարողություններ ենք զարգացնում մեր օպերատիվ-հետախուզական մարմինների մոտ, որպեսզի այս հայտնաբերումները ավելի շատ լինեն»,- ասաց Ղազարյանը:

Ինչ վերաբերում է դպրոցներում թմրանյութերի շրջանառությանը, նշեց՝ թեև դա ուղղակիորեն կապված չէ թեմայի հետ, սակայն նշեց՝ եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը:

«Օրինակ՝ Մխչյանի դպրոցի հետ կապված դեպքը, երբ պարզվեց, որ ընդամենը կավճանման նյութ է եղել և ոչ թե թմրանյութ, այսինքն՝ ստացվում է՝ մենք մի ամբողջ երիտասարդ սերնդի պիտակավորում ենք և նշում ենք, որ բոլորը թմրանյութ օգտագործող են, մինչդեռ հաստատված դեպքերի քանակը տարեկան կտրվածքով չի գերազանցում տասը»,- ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին լուրեր էին տարածվել, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել. նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Իրավապահների ուսումնասիրության արդյունքում թմրամիջոցից կախվածության մասը քրեական վարույթում չէր ներառվել, իսկ գումար պահանջելու դրվագի մասով պարզաբանվել էր, թե նպատակը կրել է տվյալները չբացահայտելու բնույթ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:

2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր դաստիարակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ՝ ձերբակալման որոշում:

  • Կիսվել: