չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵԱՏՄ յուրաքանչյուր պետություն կենսաթոշակը վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար

ԵԱՏՄ յուրաքանչյուր պետություն կենսաթոշակը վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Ինչպես նիստում նշեց ՀՀ աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը, այժմ գործող կարգավորումներով ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջև գործում է 1992 թ. ստորագրված համաձայնագիրը, ըստ որի` մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժների համար կենսաթոշակը նշանակում և վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը:

Նոր համաձայնագրի հիմքում ընկած է համամասնության սկզբունքը, ինչը նախատեսում է, որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետություն նշանակում և վճարում է կենսաթոշակի գումարը այն ժամանակահատվածի համար, երբ անձը պետությանը կատարել է վճարումներ ՝ անկախ բնակության վայրից:

«Օրինակ, եթե անձը 10 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, 10 տարի Բեառուսում, ևս 10 տարի՝ ՀՀ-ում, և կենսաթոշակային տարիքից հետո բնակություն է հաստատում Բելառուսում, ապա ՀՀ-ում իր մոտ աշխատած 10 տարվա համար կենսաթոշակը կփոխանցի Բելառուսի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին: Սա նշանակում է, որ Հայասանից իր 10 տարվա կենսաթոշակը ստանալու համար այլևս կարիք չի լինի գալ Հայաստան, դիմումը կներկայացնի իր փաստացի բնակության վայրի իրավասու մարմին և այդ տեղեկատվությունը կփոխանցվի մեզ՝ որպես որոշում ընդունող կողմ»,-ասաց Սմբատ Սաիյանը:

Նա նաև նշել է, որ այս համաձայանգիրը չի տարածվում զինվորական կենսաթոշակների վրա:

Սմբատ Սաիյանի խոսքով՝ սա բազմակողմ համաձայնագիր է, և երբ  ներպետական գործընթացներն ավարտվեն, այն ուժի մեջ կմտնի:

  • Կիսվել: