կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դժվար եմ պատկերացնում` ինչպես կարող է «օմիկրոն» շտամը Հայաստան չմտնել. Փաշինյան

Դժվար եմ պատկերացնում` ինչպես կարող է «օմիկրոն» շտամը Հայաստան չմտնել. Փաշինյան

Եթե անցյալ տարի մենք նկատում էինք գրիպի շրջանառության բացառիկ դեպքեր, այս տարի նոյեմբեր ամսից բավականին աճ ենք գրանցել։ Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը կայունացել է, դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդների հետ։ Այս մասին Կառավարության նիստում, անդրադառնալով Հայաստանում համաճարակաբանական ընդհանուր իրավիճակին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրավիճակը մահճակալային ֆոնդի ապահովվածության առումով վերահսկելի է և մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայելու գրիպի շտամի շրջանառությանը։ Սեպտեմբերից Հայաստանում  ունեցել ենք գրիպի այս տարվա շտամերի դեմ պատվաստանյութեր, որոնք  քովիդի դեմ պատվաստանյութերի հետ որևէ հակացուցում չունեն»։

Անդրադառնալով քովիդով պայմանավորված համաճարակին, նախարարը նշեց.

«Մենք շարունակում ենք ունենալ կայուն, հանգիստ վիճակ, նախորդ օրը գրանցվել է 129 դրական դեպք, իրականացվել է 5164 թեստավորում և ցավոք սրտի ունեցել ենք երեք մահ։ Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը, երկրորդ դեղաչափով ունեցել ենք 722.409  և առաջին դեղաչափով 946.984 քաղաքացիների պատվաստում։ Իրականացվում են նաև խթանիչ դեղաչափերով պատվաստումները և այն քաղաքացիները, որոնք վեց ամիս առաջ են պատվաստվել, հորդորում ենք ստանալ նաև երրորդ դեղաչափը»։

Անդրադառնալով հարցին` Փաշինյանը նշեց, որ կովիդ համաճարակի առումով Հայաստանում առկա է բարվոք վիճակ։

«Բայց եկեք արձանագրենք, որ եթե պատվաստումները պատշաճ կերպով չմարունակենք, ճգնաժամը անխուսափելիորեն վերադառնալու է, մանավանդ այս պահի դրությամբ Հայաստանում օմիկրոն տեսակի շտամը չի արձանագրվել, բայց նաև դա է անխուսափելի և դժվար եմ պատկերացնում ինչպես կարող է այնպես տեղի ունենալ, որ Հայաստան չմտնի այդ շտամը։ Հետևաբար, եթե պատվաստումային գործընթացը նույն տեմպերով չմարունակենք, կանգնելու ենք ճգնաժամի առաջ, Հայաստանում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը»։

  • Կիսվել: