կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Դրամի աղբյուրագիտական արժեքը». Հայաստանի պատմության թանգարանը մեկնարկեց երկօրյա գիտաժողովը

«Դրամի աղբյուրագիտական արժեքը». Հայաստանի պատմության թանգարանը մեկնարկեց երկօրյա գիտաժողովը

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի՝ դրամի թողարկման 30-ամյակի առթիվ հունիսի 9-ին Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց «Դրամի աղբյուրագիտական արժեքը» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան քառասունից ավելի մասնակիցներ Հայաստանից և արտերկրից:

Բացմանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ընդգծեց՝ գիտաժողովը կարևորել է դրամագիտական խնդիրները պատմատեսական, պատմամշակութային ու  ազգային  պետական նշանակության համատեքստում:

«Գաղտնիք չէ, որ թանգարանը տարածաշրջանում խոշոր դրամագիտական կենտրոն է, որի հավաքածուները ձևավորվել են դեռ 1920-ական թվականների սկզբին:  Շուրջ 90 հազար դրամագիտական արժեք է պահպանվում այստեղ: Մենք ոչ միայն հայկական, այլև ամբողջ հին քաղաքակիրթ աշխարհից հետաքրքիր դրամագիտական նմուշներ ունենք, որոնց մեծ մասը գտնվել է Հայաստանի ներկայիս տարածքում: Ամենահին  դրամները, որոնք պահպանվում են թանգարանում, Ք.ա 5-րդ դարին են պատկանում»,-նշեց Պողոսյանն ու տեղեկացրեց, որ օրեր առաջ Կենտրոնական դեպոզիտարիան թանգարանին է նվիրել 1990-ականների արժեթղթերից մեկը:

 

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ հայկական դրամն անցել է պատմական առումով ոչ երկար, սակայն հետաքրքիր ճանապարհ: «Ճգնաժամերի ու փորձությունների միջով ենք անցել, սակայն ուժեղ ենք դուրս եկել որպես ֆինանսական համակարգ, ազգային արժույթ»,-ընդգծեց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարութան մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն, անդրադառնալով թանգարանների՝  21-րդ դարում ունեցած դերին, ասաց՝ թանգարանները մշակութային ժառանգությունը պահպանող, հանրայնացնող, սերունդներին փոխանցող կառույցներ են: «Այսօր թանգարանները հանդես են գալիս որպես կարևոր գիտակրթական կազմակերպություններ: Դրանք ոչ միայն պատմությունը փաստագրող, հավաքող, այլև ժամանակակից մարտահրավերներին արձագանքող ու դիմագրավող կազմակերպություններ են, ինչի վառ վկայությունը նաև գիտաժողովն է, որը մեկ հարթակում համախմբել է գիտակարգային ու տարբեր կազմակերպությունների մասնագետների ու գիտնականների: Կարծում եմ՝  թեման բոլոր ժամանակներում շատ արդիական է, քանի որ դրամը կամ արժույթը  տվյալ երկրի պետականության,  հզորության, պատմության կարևոր վկայությունն  է»,-շեշտեց Մարաբյանը:

Իսկ Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Վարդանյանը մանրամասներ հաղորդեց թանգարանի հավաքածուի մասին:

Նրա խոսքով՝ հավաքածուն սկսել է գոյանալ Հայաստանի պատմության թանգարանի ստեղծման օրից: Թբիլիսիից թանգարան են բերվել Կովկասի հայոց ազգագրական ընկերության թանգարանի հարուստ նյութերը, որոնց թվում նաև՝ դրամների արժեքավոր ժողովածու։ Նույն թվականին Երևան են տեղափոխվել Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի թանգարանային հավաքածուները, որոնց մի զգալի մասը կազմում էին հին դրամները։ 1926-ին թանգարան բերված Անիի հնադարանի նյութերի մեջ եղել է շուրջ 1700 դրամ։ Խոշոր համալրումների շարքից են նաև 1929-1931 թվականներին թանգարան փոխադրված Էջմիածնի պետական թանգարանի դրամագիտական ժողովածուն և 1931-ին Հնությունների պահպանության կոմիտեի դրամագիտական նյութերը՝ կազմված հողային աշխատանքների ժամանակ կատարված պատահական դրամագյուտերից, որոնք հանրապետության քաղաքացիները նվիրել կամ վաճառել էին կոմիտեին։

«Այդ ամենը կազմել է մեր հավաքածուի հիմնական կորիզը: 1930-ականներին Հայաստանում պարբերաբար սկսվեցին հնագիտական պեղումները։ Դվինի պեղումներից հայտնաբերված կամ արշավախմբի կողմից շրջակա գյուղերի բնակիչներից հավաքած հարյուրավոր դրամները կազմեցին ֆոնդի միջնադարյան ժողովածուների կարևորագույն մասը։ Սրանց հետագայում ավելացան Գառնիի, ավելի ուշ՝ Արտաշատի պեղումներից հայտնաբերված հելլենիստական, հռոմեական և միջնադարյան ժամանակաշրջանների դրամները»,-նշեց Վարդանյանը:

1960-1980-ականներին սփյուռքի տասնյակ անհատների և կազմակերպությունների շնորհիվ թանգարանն ունեցավ Կիլիկիայի հայկական թագավորության դրամների հրաշալի ժողովածուն, համալրվեցին հին հունական, հին հայկական, հռոմեական, պարթևական, արաբական, բյուզանդական, ինչպես նաև մեդալների ժողովածուները։ 1700-ից ավելի նվիրատուներ՝ Հայաստանից և սփյուռքից դարձան դրամագիտական ազգային ժողովածուի ստեղծման մասնակիցներ։

  • Կիսվել: