շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Դպրոցը քանդվում է, ուսուցիչները հեռանում են». Երեւանի թիվ 130 դպրոցի աշակերտների ծնողների բողոքի ակցիան

«Դպրոցը քանդվում է, ուսուցիչները հեռանում են». Երեւանի թիվ 130 դպրոցի աշակերտների ծնողների բողոքի ակցիան

Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի բակում աշակերտների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են, որ նորընտիր տնօրենը աշխատանքից հեռացրել է մի շարք` իրենց մասնագիտությանը լավագույնս տիրապետող ուսուցիչների:

Դպրոցի ուսուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչ նոր տնօրենը եկել է, հին մասնագետները, լավ մանկավարժները դիմում են գրել, հեռացել են, իսկ անգրագետ մարդկանց բերել, իրենց տեղն են դրել: Դա անում են թուրքահպատակ գրքերը տպելով:

Մեր նոր տնօրենը, այս երկու տարվա ընթացքում բոլոր լավ մսնագետներին, մանկավարժներին հեռացրեց՝ իր կապրիզների պատճառով: Բոլորը դիմում գրեցին, հեռացան: Հիմա չգիտեմ՝ ինչ է կատարվում, մասնագետ չկա, ռուսերենի ուսուցիչ գոյություն չունի, գրքերը թրքահպատակ նպատակ ունեն, տպագրողները թուրք են, մնացածն էլ՝ ադրբեջանցի: 5-րդ դասարանից սեռական կյանք են ուզում սովորեցնել»,-ասաց նա:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ երկու երեխաները սովորում են այդ դպրոցում՝ 2-րդ եւ 6-րդ դասարանում. «Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ վերջին 2 տարվա ընթացքում դպրոցը դեգրադացվել է: Դպրոցը միայն գիտելիք տվող չէ, նաեւ դաստիարակող հաստատություն է, հայրենասիրություն դաստիարակող հաստատություն է: Նոր տնօրենը որ եկավ, 2021-ի սեպտեմբերի 1-ին դպրոցի վրայից հեռացվեց Արցախի դրոշը: Դպրոցից հեռացվել են արցախյան պատերազմի հերոսական դրվագները պատկերող նյութերը:

Դպրոցի ուսուցիչները հեռանում են: Ես չեմ հիշում, թե տարվա ընթացքում քանի մաթեմատիկայի ուսուցիչ է իր երեխաներից մեկը փոխել: Հիմա ահազանգ կա, որ երեք փոխտնօրեն, ներառյալ իմ երեխաներից մեկի դասվարը, դիմում են գրել եւ դուրս են գալիս: Եթե բանիմաց, սրտացավ մանկավարժները հեռանում են, ես իմ երեխային էլ ինչի՞ համար բերեմ այս դպրոց: Դպրոցը քանդվում է: Այս դպրոցի օրինակով տեսնում ենք, թե կրթական համակարգում ինչ է տեղի ունենում»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

 

  • Կիսվել: