երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դպրոցի տնօրեն չի կարող լինել այն անձը, որը կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար է. Անդրեասյանը՝ նոր նախագծի մասին

Դպրոցի տնօրեն չի կարող լինել այն անձը, որը կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար է. Անդրեասյանը՝ նոր նախագծի մասին

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում ամենախոշոր փոփոխությունները տեղի են ունեցել կառավարման բաղադրիչում: Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հստակեցվել են տնօրենի որակավորման պահանջները, որտեղ մանկավարժի որակավորումը փոխարինվել է կրթության ոլորտի բարձրագույն կրթությամբ:

«Հստակ սահմանել ենք, որ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվում է  մրցույթ, և մրցույթն անցկացվելու համար ձևավորվում է մասնագիտական հանձնաժողով»,- ասաց Անդրեասյանը:

Արձագանքելով դպրոցների կուսակցականացման և քաղաքական գործընթացների մեջ ներքաշման մտահոգություններին՝ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել և լինել այն անձը, որը կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ է:

«Կարգավորել ենք նաև շահերի բախման խնդիրը՝ սահմանելով, որ տնօրենն ու համակարգողը չեն կարող մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի մեջ լինել»,- ասաց Անդրեասյանը:

  • Կիսվել: