շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դիսկոտեկային ժամանցից հետո Ձեր լարվածությունը պետք է անցած լինի․ Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին

Դիսկոտեկային ժամանցից հետո Ձեր լարվածությունը պետք է անցած լինի․ Արեգնազ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին

Հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել. սա իմիջիայլոց: Այս մասին, այսօր ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի մեկնարկից հետո նշեց «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը:

Արեգնազ Մանուկյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով. «Որպես ԱԺ նիստեր վարող, դուք նախորդ նիստերում գերազանցել եք ձեր լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները:

Հուսով եմ, որ հետայսու այդպես չի լինի: Ինչում եմ  հուսով, քանի որ ենթադրվում է այն օրերին, ինչ-ինչ պատճառներով, լարված եք եղել, իսկ հիմա դատելով համացանցում առկա ձեր ու ձեր  ընկերների միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցային կադրերից,  լարվածությունը պետք է անցած լինի:

Ի դեպ, ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝  շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա»:

Այնուհետև Մանուկյանը նաև հարց ուղղեց Սիմոնյանին՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, այդ օրն Արցախ չի գնացել:

«Փոխարենը՝ մենք Ձեզ ու ՔՊ-ն ներկայացնող ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում, գերթանկարժեք հանգստավայրում ուրախ ժամանց անցկացնելիս: Ինչու՞ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել եք միկոնոսյան հանգիստը: Արցախ չմեկնելու պատճառն Ալիևի արգե՞լքն է ու գերի ընկնելու վա՞խը»,-ասաց նա:

Սիմոնյանն արձագանքեց՝ Արցախ մեկնել է պատվիրակություն:

Մանուկյանը շարունակեց հարցը. «Դատելով Ձեր եկամուտների հայտարարագրից՝ Դուք և Ձեր ընկերները պետք է որ չկարողանայիք այդքան թանկարժեք տեղում հանգստանալ: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն գումար եք ծախսել Հունաստանում: Տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է Ձեր ծախսերը փակել, ինչը հաստատվելու դեպքում ստանում ենք դասական կոռուպցիայի դեպք»:

Սիմոնյանն արձագանքեց՝ իր մասնավոր կյանքը չի մեկնաբանում:

  • Կիսվել: