Մինսկում հայկական եկեղեցի կօծվի
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մինսկում կօծի Հայ առաքելական եկեղեցու առաջին եկեղեցին: Այս մասին БЕЛТА-ին հայտնել է Բելառուսի կրոնական և ազգային գործերի փոխհանձնակատար Սերգեյ Գերասիմենյան։
Նա, մասնավորապես, ասել է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի Բելառուս այցի նպատակը երկրում Հայ առաքելական եկեղեցու առաջին տաճարի բացումն ու օծումն է, որը երեք տարվա ընթացքում կառուցվել է Մինսկի Ֆիլիմոնով փողոցում հայ համայնքի նախաձեռնությամբ: Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին փոքր է: Այն նախատեսված է միաժամանակ 75 ծխական տեղավորելու համար: Ընդհանուր առմամբ, մեր երկրում ապրում է մոտ 9 հազար հայ, և գործում են հայկական համայնքների վեց ազգային-մշակութային հասարակական միավորումներ»:
Գերասիմենյանը նաև հավելել է, որ այս այցը շատ կարևոր է Բելառուսի համար։ Նա նշել է. «Սա Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի առաջին այցն է մեր երկիր։ Հայ ժողովուրդը մոտ է բելառուս ժողովրդին։ Մենք կապված ենք դարավոր կապերով։ Խորհրդանշական է նաև, որ այցը տեղի է ունենում Մեծ Հաղթանակի տոնակատարության ժամանակ, քանի որ շատ հայեր պաշտպանել են բելառուսական հողը»: