Դիլիջանում շարունակվում են Աղստև գետի վարարման հետևանքով ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում առաջացած խնդիրների վերացումը
Դիլիջան քաղաքում շարունակվում են մայիս ամսին Աղստև գետի վարարման հետևանքով ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում առաջացած խնդիրների վերացումը: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուրը»։
Գետի վրայով անցնող, Գետափնյա և Կալինինի փողոցները սնող ջրագծի մոտ 40 գծամետր հատված ամբողջությամբ ջուրը քշել–տարել էր: Այս ամիսների ընթացքում փողոցների ջրամատակարարումն ապահովվում էր այլընտրանքային եղանակով:
Սակայն խնդրին հիմնարար լուծում էր պետք․ օրերս «Դիլիջան» շահագործման տեղամասը գետի վրա կառուցեց թռիչքային ջրագիծ՝ 40 գծամետր պողպատե խողովակաշարով, որով կարողացավ լիարժեք վերագործարկել ջրատարը, վերականգնել փողոցների կանոնավոր ջրամատակարարումն ու կանխել վայրկյանում մինչև 5 լիտր ջրի կորուստը։