չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Նեթանյահուն Թրամփին չի խնդրել կրկին հարվածել Իրանին. կողմերը երեք սցենար են քննարկել

Նեթանյահուն Թրամփին չի խնդրել կրկին հարվածել Իրանին. կողմերը երեք սցենար են քննարկել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի վերաբերյալ կոնկրետ ռազմավարություն չի առաջարկել Սպիտակ տանը նրանց հանդիպման ընթացքում, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային։

Ըստ նրա՝ Օվալաձև աշխատասենյակում բանակցություններն ավելի շուտ «գաղափարների փոխանակում» էին Իրանի շուրջ իրավիճակի հետագա զարգացման երեք հնարավոր սցենարների վերաբերյալ։

Առաջին տարբերակը՝ Թեհրանի հետ դիվանագիտական համաձայնագրի հասնելն է։

Երկրորդը՝ անորոշության պահպանումը գործարքի բացակայության դեպքում. ամերիկյան ճնշման շարունակումը տնտեսական պատժամիջոցների միջոցով՝ առանց ռազմական գործողությանը վերադառնալու։

Երրորդ սցենարը՝ նախատեսում է Իրանի դեմ նոր լայնամասշտաբ ռազմական արշավի անցկացում։

Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ Նեթանյահուի այցը Վաշինգտոն ուղղված չի եղել Թրամփին համոզելուն՝ կրկին հարվածներ հասցնել Իրանին։

Ըստ նրա՝ դա տարբերվում է Իսրայելի վարչապետի փետրվարյան նախորդ այցից, երբ նա ակտիվորեն հանդես էր գալիս Թեհրանի դեմ ռազմական գործողությանն ԱՄՆ-ի մասնակցության օգտին։ Այն ժամանակ Թրամփը երեք շաբաթից էլ քիչ անց աջակցեց հարվածների հասցմանը, սակայն, ինչպես նշում է աղբյուրը, գործողության ընթացքի վերաբերյալ Նեթանյահուի որոշ կանխատեսումներ չարդարացան։

Այս անգամ իսրայելցի վարչապետը Թրամփին չի հայտնել, թե երեք տարբերակներից որն է համարում նախընտրելի։ Ընդ որում, նա կասկած է հայտնել, որ Իրանը կպահպանի ցանկացած համաձայնագիր, որը կարող է ձեռք բերվել։

Կողմերը մանրամասն քննարկել են բոլոր երեք սցենարները՝ դիտարկելով դրանցից յուրաքանչյուրի հնարավոր առավելություններն ու ռիսկերը, հայտնել է իսրայելական կողմի ներկայացուցիչը։

  • Կիսվել: