Դիլիջան ընթացող «Մերսեդես»-ի խուզարկությամբ «Կալաշնիկով» ինքնաձիգներ են հայտնաբերվել (տեսանյութ)
Հունիսի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Դիլիջանի բաժին օպերատիվ տեղեկություն է փոխանցվել, որ Երևանից Դիլիջան է ընթանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ մեքենայի սրահում ապօրինի զենք-զինամթերք կար։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Դիլիջանի Կամոյի փողոցում հայտնաբերել են կասկածելի մեքենան։
Վարորդը և ուղևորները բերման են ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դատարանի որոշմամբ` մեքենան խուզարկվել է։ Հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկով» ինքնաձիգներ՝ լիցքավորված փամփշտատուփերով, ինչպես և փամփշտատուփ, որը ևս լիցքավորված է եղել փամփուշտներով։
Բերման ենթարկվածների խուզարկությամբ էլ հայտնաբերվել են դանակներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու դանակները առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։



