երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Դավիթը կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ խնդիրներ ունի, մենք ենք խնդրել, որ տանեն «Նաիրի». Դավիթի մայր

Դավիթը կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ խնդիրներ ունի, մենք ենք խնդրել, որ տանեն «Նաիրի». Դավիթի մայր

Դավիթին առավոտյան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին Աբովյանի հիվանդանոց, իսկ այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը։

«Դավիթը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի առողջական ու մենք միշտ իր ամբողջ բուժումը կազմակերպել ենք «Նաիրի» ԲԿ–ում. Մենք ցանկացանք, որ իրեն «Աբովյան» ԲԿ–ից տեղափոխեն «Նաիրի» ԲԿ։

«Մենք ցանկացանք, որովհետև իրեն այս կարելի է, այս չի կարելի, ալերգիա ունի անաֆիլակսիայով, սիստեման միայն ֆիզլուծույթ է, այնտեղ ուզում էին մագնեզիում անեին, ես բժիշկ եմ, ասեցի՝ չէ, խնդրում եմ մի արեք, իրեն չի կարելի։ Տարբեր բժշկական խնդիրներ կան, իր աղիները վիրահատված է, տարբեր ալերգիաներ ունի, շնչահեղձություն ունի, գլխուղեղի անոթների խնդիր ունի, երբ որ կապտում է, սառը քրտինք է տալիս, գիտակցության կորուստ է ունենում»,–ասաց նա՝ խնդրելով ընդհատել զրույցը, քանի որ պետք է մեկնի «Նաիրի» ԲԿ։

Նշենք, որ այսօր առավոտյան Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ–ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ. «Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,-ասել էր  ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Դրանից քիչ անց Դավիթի ինքնազգացողությունը վատացել էր և նրան տեղափոխել էին «Աբովյան» ԲԿ։

  • Կիսվել: