շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դանակահարություն  Դավիթաշենում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Դանակահարություն Դավիթաշենում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խումբը: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ա. Քալաշյանի գլխավորությամբ, ժամը 03:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Դեպքի վայրից հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Շահբազյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են. Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև՝ արդյոք այդ ժամանակ կրակոցներ հնչել են, թե՝ ոչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: