շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքացիները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Քաղաքացիները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում մի քանի քաղաքացիներ Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները այդ պահին կամրջով անցնելիս են եղել, երբ նկատել են, որ այդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը:

Տեղում նրանք կարողացել են մեծ դժվարությամբ նրան դուրս բերել անվտանգ վայր, ապա ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և ավագ պարեկ Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ՓԾ փրկարար-հոգեբանը:

Երբ քաղաքացիները այդ աղջկան դուրս են բերել անվտանգ վայր, ժամանած փրկարար-հոգեբանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նրան, ում այնուհետև պարեկների ուղեկցությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին:

Այս պահին ինքնասպանության փորձ կատարողը գտնվում է փրկարար-հոգեբանի, պարեկների և բժիշկների հսկողության տակ:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խմբերը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Հերմինե  Խ.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

  • Կիսվել: