Կանադայում պահանջում են արտաքսել ԱՄՆ դեսպանին
Ավելի քան 60 հազար կանադացիներ միջնորդագիր են ստորագրել՝ պահանջելով արտաքսել Կանադայում ԱՄՆ դեսպան Փիթ Հեքստրայի: Նրան մեղադրում են երկրի ներքին քաղաքական գործերին միջամտելու և երկու պետությունների միջև հարաբերությունները խաթարելու մեջ: Այս մասին տեղեկանում է BBC News-ը։
Մասնավորապես՝ Կալգարիի բնակչուհու նախաձեռնած միջնորդագրում նշվում է, որ Հեքստրան բազմիցս միջամտել է կանադական քաղաքական բանավեճին և փաստացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգի կարգավիճակով միացնելու սպառնալիքները սովորական երևույթ է դարձրել։
Փաստաթղթի հեղինակները նաև մտահոգություն են հայտնել Վաշինգտոնում ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչների հանդիպումների կապակցությամբ Ալբերտայի որոշ բնակիչների հետ, որոնք հանդես են գալիս նահանգը Կանադայից անջատելու օգտին։ Միջնորդագիրը պահանջում է պաշտոնապես հետ կանչել Հեքստրային պաշտոնից և խորհրդարանական հետաքննություն անցկացնել՝ Կանադայի ներքին գործերին ԱՄՆ հնարավոր միջամտության առնչությամբ։
ԱՄՆ դեսպանատանը BBC-ին հայտնել են, որ տեղյակ են միջնորդագրից, սակայն հրաժարվել են հետագա մեկնաբանություններից։



