շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դասարանների ձևավորման կարգում տրվել են  կարգավորումներ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ

Դասարանների ձևավորման կարգում տրվել են կարգավորումներ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգում կատարվել են փոփոխություններ. ըստ այդմ՝ լրամշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշումը։

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ սահմանվել է, որ մինչև հանրակրթության նոր պետական չափորոշչի ամբողջական ներդրումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթական 3-րդ աստիճանում (ավագ)՝ 30:

Կարգով սահմանվել են դրույթներ հաստատությունում միևնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարանների ձևավորման վերաբերյալ, որոնք 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել միայն Սյունիքի մարզում (30-35 կոմպլեկտավորման սկզբունքով):

Հանրապետության մյուս մարզերում գործում է բազմահամակազմ դասարանների ձևավորման սկզբունքը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. հոկտեմբերի 14- ի N 22-Ն հրամանի կարգավորումների (30-35 կոմպլեկտավորման սկզբունքով):

Միաժամանակ նաև տրվել է կարգավորում, ըստ որի՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համապատասխան դասարաններում, որտեղ ըստ սահմանված ժամանակացույցի ներդրվում է հանրակրթության պետական չափորոշչը, բազմահամակազմ դասարաններ չեն ձևավորվի։ Հետևաբար, 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցների (բացառությամբ Սյունիքի մարզի, որտեղ ներդրվում է նոր մեխանիզմը և Տավուշի մարզի, որտեղ ամբողջությամբ նոր չափորոշչով է ուսուցումն իրականացվում) 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանները ձևավորված բազմահամակազմ դասարաններին չեն միավորվելու:

Միաժամանակ տրվել են կարգավորումներ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված ուսումնական հաստատությունների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների (մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներով համալրված դասարաններում (ուսումնական խմբերում)) սովորողների առավելագույն թվի վերաբերյալ:

Նշենք նաև, որ միջնակարգ դպրոցի 3-րդ աստիճանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձևավորվում են միևնույն առարկան կամ միևնույն բնագավառում միևնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր:

Նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը լինելու է 25, իսկ կրթական 3-րդ աստիճանում (ավագ)՝ 20:

  • Կիսվել: