կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դա իմ հանձնարարականի ուղիղ չկատարում է. Ավինյանը՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի 60-ից ավելի հայտերն անտեսվելու մասին

Դա իմ հանձնարարականի ուղիղ չկատարում է. Ավինյանը՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի 60-ից ավելի հայտերն անտեսվելու մասին

Շենգավիթ վարչական շրջանում Մանանդյան փողոցի թիվ 16 շենքի փողոցի կողմից առաջին հարկի նկուղային հարկում իրականացվել եւ ավարտին է հասցնել շինարարություն, որից հետո զավթել են երթեւեկելի գոտուց հատված եւ տեղադրել ծաղկամաններ՝ հետագայում սիզամարգ կառուցելու նպատակով: Այս մասին զեկուցվեց այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

«Ներկայումս տարածքը տրված է վարձով, օգտագործվում է որպես օպտիկայի խանութ՝  ծավալելով ապօրինի գործունեությունը:

Բացի շինարարությունից, նշված գործի փաստաթղթաշրջանառությունն ապահովելու ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ: Ուսումնասիրության արդյունքում վերոնշյալ գործի հիմնական կատարողները հրավիրվել են վարչություն՝ պարզաբանումներ եւ բացատրություններ ներկայացնելու համար: Գործի ընթացքն արհեստականորեն երկարաձգվել է եւ չի կիրառվել պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Ներկայացվել է առաջարկ վարչական շրջանի ղեկավարի քաղաքաշինության հողօգտագործման բաժնի պետ Մհեր Արզումանյանին կարգապահական տույժի ենթարկելու համար անհրաժեշտ գործընթացը համակարգելու նպատակով»,- զեկուցվեց քաղաքապետին:

Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց. «Պետք է խնդրեմ, որ մի փոքր ավելի ուշադիր լինենք բոլոր այն գրություններին, որոնք գալիս են քաղաքացիներից, կլինի «Ակտիվ քաղաքացու» միջոցով, կլինի 1-05-ի միջոցով: Այսուհետ մենք մաքսիմալ հետեւողական ենք լինելու, որպեսզի երեւանցիների օրինական պահանջները անպայմանորեն լուծվեն: Դա պետք է շարունակենք պահպանել:

Ինչ վերաբերում է «Ակտիվ քաղաքացի» հարթակից 60-ից ավելի հայտերին, որոնց նկատմամբ ուշադրություն չի եղել, դա ուղիղ իմ հանձնարարականի չկատարում է: Այս շաբաթվա ընթացքում պետք է հասկանանք՝ այդ 60 հայտերն ինչ են եւ բոլորը պետք է ունենան պատասխանատուներ եւ սկսվի ընթացքը»:

  • Կիսվել: