չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի վերարտադրողական բարձր ցուցանիշ

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակի վերարտադրողական բարձր ցուցանիշ

Հայաստանում վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ:

Ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Առաջին անգամ է, որ արձանագրում ենք վարակի վերարտադրողական այսպիսի բարձր ցուցանիշ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը, ինչը խոսում է վարակի տարածման տեմպերի մասին, արդեն 2.3 է կազմում: Ունենք հիվանդացության մակարդակի բարձրացում բոլոր մանկապատանեկան տարիքային խմբերում: Եթե մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը, ըստ ԵՄ չափանիշների, գտնվում էր կանաչ գոտում, ապա վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնվեցինք նարնջագույն գոտում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Այս հիվանդությունը, ըստ մասնագետի, համաճարակաբանական օրինաչափություններին չի ենթարկվում, չունի սեզոնայնություն: Փոխարենը 3-4 ամիսը մեկ դիտարկվում է վարակի ալիքների վերելք և անկում: Մասնագետի խոսքով, թե այդ ալիքների ժամանակ գրանցած դեպքերի թիվը որքան կլինի, դա արդեն կախված է տվյալ երկրում ձեռնարկվող միջոցառումներից:

«Եթե չունենանք սահմանափակումներ, ապա, օրինակ, վարակի չորրորդ ալիքի ժամանակ կարող էինք ունենալ 2.500-3.000 դեպք: Այնպես որ, շատ կարևոր է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, համաճարակային կանոնների պահպանումը: Նշեմ նաև, որ մեզ մոտ առկա է նոր շտամի՝ օմիկրոնի դեպք: Երկու բերովի դեպք ունենք, բայց չի բացառվում, որ արդեն իսկ մեր երկրում այն շրջանառվում է»,- ասաց մասնագետն՝ ընդգծելով, որ միակ կանխարգելիչ միջոցառումը պատվաստումն է:

  • Կիսվել: