հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք. հավաքվել է ավելի քան 800 հազար դոլար

«COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք. հավաքվել է ավելի քան 800 հազար դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, մարտի 18-ից նախաձեռնել է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակներում հավաքված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Հիմնադրամից հայտնում են, որ հուլիսի 22-ի դրությամբ հավաքվել է շուրջ 800,030 ԱՄՆ դոլար, որից 695,244 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։

Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ մեծաքանակ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։

Մնացյալ գումարը ևս կուղղվի առողջապահական ոլորտի ծրագրերի օժանդակմանը:

Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում աշխարհի 18 երկրներից մեզ միացած ավելի քան 1000 անհատ նվիրատուներին, աշխարհասփյուռ հայկական համայնքներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին և բոլոր գործընկերներին վստահության և շարունակական աջակցության համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակն է՝ ապահովել ընդհանուր ինքնության վրա հիմնված աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի համաչափ, կայուն ու փոխկապակցված զարգացումը։

  • Կիսվել: