հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չգիտեմ՝ հոգեբաններն ի՞նչ բնութագիր են տալիս հակառակորդ քաղաքական ուժի գործչի լուսանկարները վառողներին. Վահագն Ալեքսանյան

Չգիտեմ՝ հոգեբաններն ի՞նչ բնութագիր են տալիս հակառակորդ քաղաքական ուժի գործչի լուսանկարները վառողներին. Վահագն Ալեքսանյան

Ի՞նչ կլինի եթե նույն արկղի մեջ դնես մեկ ինտելեկտուալ ապուշ, մեկ լուցկի և մեկ գունավոր տպիչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․

«Երեկ գրել էի, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը հրաժարվել է բանավեճից, իմանալով, որ իր հետ բանավիճողը ես պիտի լինեմ, գրել էի նաև, որ արդեն մեկ տարի է, ինչ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ամենատարբեր (հիմնականում ծիծաղելի) պատճառաբանություններով հրաժարվում են ինձ հետ բանավիճել տարբեր հեռուստաընկերությունների եթերներում։ Եվ ահա այսօր բանավեճից հրաժարված պատգամավորը՝ Արթուր Խաչատրյանը, այսօր հայտնել է, որ ինձ հետ չի բանավիճում, որովհետև ուզում է ինտելեկտուալների հետ բանավիճել, որ իրենց խմբակցությունն առհասարակ հրաժարվում է ինձ հետ բանավեճից, որովհետև չի ուզում «իրենց նշաձողն իջեցնել»։

Գամ սկզբից՝ ինտելեկտից․ ուրեմն իմ ամենասիրելի փիլիսոփաներից մեկը՝ Նասիմ Տալեբը, փառահեղ ձևակերպում ունի՝ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԱՊՈՒՇ (The Intellectual Yet Idiot)։ Ինտելեկտուալ ապուշին բնորոշ է կիսագրագիտությունը, որը սակայն նրան տալիս է հիմք կարծելու, որ ինքը չափազանց խելացի է իրեն շրջապատող մեծամասնությունից։ Ինտելեկտուալ ապուշին հատուկ են երկակի ստանդարտներն ու երեսպաշտությունը, օրինակ՝ ինտելեկտուալ ապուշը գոհ է դեմոկտրատիայից այնքան ժամանակ, քանի դեռ արդար ընտրություններում հաղթում է իր ուզած ուժը, հակառակ դեպքում դեմոկրատիան նա անվանում է պոպուլիզմ։ Եվ ամենակարևորը՝ ինտելեկտուալ ապուշին հատուկ է բնածին սնոբիզմը, որը նրան ստիպում է իր հետ անհամաձայն կամ այլ տեսակետերի դավանող մարդկանց պիտակավորել տարբեր կլիշեներով։

Եվ Արթուր Խաչատրյանի այսօրվա գրառումը կարդալուց հետո, հարգելիներս, ես անկեղծ եմ ասում՝ ամեն անգամ Տալեբ կարդալիս ինտելեկտուալ ապուշ տերմինին երբ հասնեմ, պարոն Խաչատրյանի դեմքը հայտնվելու է աչքերիս առաջ։

Նշաձողի մասով․ մի բան է, երբ դու քո արժանիքից ցածր ես համարում ինչ-որ անձի հետ բանավիճելը, նրան անդրադառնալը, նրա մասին խոսելը ու մի լրիվ այլ բան է, երբ դու քո բազմամիլիոն դոլարանոց մեդիակայսրությանը ամիսներ շարունակ հրահանգում ես հարձակումներ գործել այդ մեկի դեմ, ու բայց այդպես էլ արդյունքի չհասնելով՝ ճղճիմ անզորությունից դրդված հրապարակում վառում ես այդ մեկի լուսանկարը։

Չգիտեմ՝ հոգեբանները ի՞նչ բնութագիր են տալիս հակառակորդ քաղաքական ուժի գործչի լուսանկարները վառողներին, բայց շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ բնութագրում այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ ինքնավստահ, վստահ, ինտելեկտուալ առումով գերակա, առավել հասուն, արժանապատիվ բառերը։ Բայց ես, իհարկե, հոգեբան չեմ ու գուցե սխալվում եմ։ Եվ ուրեմն, երբ ինչ-որ մի քաղաքական ուժ, որը հրապարակային կերպով վառում է քո լուսանկարները, դա ուղիղ եթերով լուսաբանում տասնյակ լրատվականներով, իսկ հետո բանավեճի քո հրավերին արձագանքում, որ ինքը ինտելեկտուալ առումով առավել է և չի ուզում իր քաղաքական նշաձողն իջեցնել՝ քեզ հետ բանավիճելով, ապա ակնհայտ է, որ այստեղ խոսքը հասարակ թերարժեքության բարդույթի մասին է, որը հաղթահարելու համար խորհուրդ կտամ այցելել հոգեթերապևտի։

Հ․Գ․ Իսկ թե ի՞նչ կլինի եթե նույն արկղի մեջ դնես մեկ ինտելեկտուալ ապուշ, մեկ լուցկի և մեկ գունավոր տպիչ (պրինտեր), տես՝ նկարում»։

  • Կիսվել: