Չեմ հավատում, որ Լալան չկա. Իրեն այս դերը չի սազում. Ջուլիետա Բաբայան
Շատ դժվար է խոսել Լալայի մասին, րովհետեւ շատ անսպասելի էր, ես չեմ հավատում, որ ինքը չկա. Իրեն այս դերը չի սազում: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը։
«Ինչու լավագույններին միշտ շուտ է տանում Աստված: Հրաշալի մայր, հրաշալի ընկերուհի, լավ դերասանուհի, լավ ամուսին, լավ ընտանիք․․․, ամեն ինչ ուներ ապրելու համար, բայց դաժան կյանքը տեսնում եք՝ ինչպիսին եղավ:
Նախագիծ կա «Այսօր հանուն վաղվա». Երկու ամիս առաջ մենք միասին էինք մի սենյակում, երկար զրուցեցինք, խոսեցինք ամեն ինչի մասին: Ո՞վ կսպասեր նման բան: Ընկերական շրջապատում միշտ հումորով էր»,-ասաց նա՝ հավելելով, որ Լալան առողջ էր, երեւի անսպասելի սրտի կանգ է եղել:
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։


