Չաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. Նիկոլ Փաշինյան
Եկեք հասակի սահմանափակումն էլ հանենք: Այս մասին կառավարության նիստում «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չաղը ո՞նց է վնասազերծելու, ո՞նց է վազելու հանցագործի հետևից, թող մեկը բացատրի: Հիմա բոլոր փաստաթղթերով կա, որ իրենք ֆիզիկական պատրաստության ատեստավորումն անցե՞լ են: Եկեք գնանք ոստիկանություն, զինված ուժեր, քրեակատարողական ծառայություն, տեսնենք՝ քանի՞ տոկոսի մասին է թղթի գրածն համապատասխանում իրականությանը:
Բոյով լինել՝ դեռ չի նշանակում այդքան ճարպկություն ունենալ, այդ ամեն ինչն իրականացնել, էլ չեմ ասում, որ դա մարդու բոյն է, հիմա այդ է: Նկատի ունեմ, ասում ենք՝ հասակը չի համապատասխանում այդտեղ բոդի շեյմինգի էլեմենտ կա, բայց երբ որ ասում ենք՝ գիտեք ինչ, զինվորական ծառայության մեջ եք, պետք է քաշի ստանդարտի մեջ լինեք և ֆիզիկական պատրաստության ստանդարտի մեջ լինեք, այդտեղ բոդի շեյմինգի ոչ մի բան չկա, ոչ մի էլեմենտ չկա»,- ասաց նա:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ եթե խոսվում է հասակի, քաշի մասով որպես առերևույթ խտրական դրսևորում, իրավապահ համակարգի և հատուկ ծառայությունների դեպքում թույլատրելիության սահման կա որպես այդպիսին՝ հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները հասակին, քաշին կամ ծառայության ընդունելության կարգին որոշակի առանձնահատկություններ որպես այդպիսին վերապահել:
«Բայց լրիվ համաձայն եմ, որ մենք մուտքի պահանջը պահպանում ենք, բայց հետագայում, երբ որ ծառայության մասին ենք խոսում ընթացքի, այդ պահանջները, այսպես թե այնպես, սկսում ենք փոփոխել կամ հարմարեցնել նրան, ինչին որ ուզում ենք։ Ասեմ, որ այս պահի դրությամբ մեր կրթական խողովակում դիտարկում ենք ֆիզիկական պատրաստականությունը, որպես կրթության պարտադիր բաղադրիչ»,- ասաց նա: