շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բուժհաստատություններում հիգիենայի պահպանման ցուցանիշը բարելավվել է. ԱՆ-ի բարեփոխումները

Բուժհաստատություններում հիգիենայի պահպանման ցուցանիշը բարելավվել է. ԱՆ-ի բարեփոխումները

 Ձեռքերի հիգիենայի պահպանմամբ հնարավոր է կանխել ներհիվանդանոցային վարակների 60-70 տոկոսը: Ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ Հայաստանում ներհիվանդանոցային վարակների կանխման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում տարբեր ուղղություններով: 2019 թվականից Հայաստանի հիվանդանոցներում կիրառվում է գործիքակազմ, որի միջոցով իրականացվում է վարակի հսկողության ծրագրերի գործադրման գործընթացի գնահատում:

«Հիգիենայի հետ կապված իրավիճակի գնահատումը միայն այն չէ, թե ինչպես են բուժաշխատողները լվանում, ախտահանում իրենց ձեռքերը, այլ տվյալ բժշկական հաստատություններում համապատասխան պայմանների ապահովվածությունն է: Օրինակ՝ 10 մահճակալը պետք է ապահովված լինի լվացարանով, պետք է տեղում լինեն անհրաժեշտ ախտահանիչ նյութեր, անձնակազմը պետք է վերապատրաստված լինի, բուժհաստատությունում գործի մշտադիտարկող խումբ և այլն: Եթե 2019 թվականին բժշկական հաստատություններում միջին գնահատականը կազմում էր 430, ապա արդեն 587 է: Առավելագույն գնահատականը 700-ն է: Առողջապահության նախարարությունը մի շարք ռազմավարական ուղղություններով իրականացնում է գործընթացներ, որպեսզի առավել բարելավվի իրավիճակը»,- ասաց Ռոմելլա Աբովյանը: Գնահատման գործիքակազմը ներդրվել է բոլոր ստացիոնար բժշկական հաստատություններում:   

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը, կարևորելով իրականացվող ծրագրերը, նշեց, որ ձեռքերի ախտահանումն ախտածին մանրէներով առաջացած վարակների կանխարգելման ամենակարևոր բաղադրիչն է: Ըստ նրա՝ տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ ձեռքերի հիգիենային պատշաճ կարգով հետևելը դեռ կաղում է, և անհրաժեշտ է դա բարելավել:

«Զարգացած երկրներում վարակի կանխարգելման միջոցառումները դրված են պատշաճ մակարդակի վրա, հետևողական են, մշտադիտարկումներ են կատարվում: Թեպետ, տվյալները վկայում են, որ եվրոպական երկրներում նույնպես գրանցվում են ներհիվանդանոցային վարակների դեպքեր: Պարզապես, այդ վարակների դեպքերի հայտնաբերումը պատժիչ միջոցառումների չի հանգեցնում, ընդհակառակը, նպաստում է, որ հիվանդանոցի ղեկավարությունը հասկանա, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկեն»,-ասաց Գայանե Ղուկասյանը:

Արձագանքելով ներհիվանդանոցային վարակների դեպքերի հայտնաբերման պարագայում պատժիչ միջոցառումներ չիրականացնելու եվրոպական մոտեցմանը՝ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի քաղաքականությունը բավական մոտարկվել է եվրոպականին: Վերջին հինգ տարիների ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքում փորձ է արվել ավելի շատ  բժշկական կազմակերպություններում բացահայտել խնդիրները, տեղում ցուցաբերել մեթոդագործնական աջակցություն, յուրաքանչյուր բուժհաստատության հետ առանձին աշխատանքներ են տարվել:  Ռոմելլա Աբովյանը նշեց, որ, ըստ ուսումնասիրությունների արդյունքների, բուժհաստատություններում հիգիենայի պահպանման առումով խնդիրներ ավելի շատ կան մարզային հաստատություններում, սակայն Երևանի բուժհիմնարկներում ևս բացեր հայտնաբերվել են: 

  • Կիսվել: