ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Բրիտանական խորհուրդն անցկացրել է Միացյալ Թագավորության շրջանավարտների մրցանակաբաշխությունը Հայաստանում

Բրիտանական խորհուրդն անցկացրել է Միացյալ Թագավորության շրջանավարտների մրցանակաբաշխությունը Հայաստանում

2023 թվականի մարտի 3-ին Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարել է «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների Շրջանավարտների մրցանակի հաղթողին Երևանում կայացած միջոցառման ժամանակ։

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից հայտնում են, որ եզրափակիչ փուլն անցած 5 ՄԹ շրջանավարտներ ճանաչվեցին իրենց նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար, որպես գործարար ոլորտի մասնագետներ, ձեռներեցներ և համայնքային առաջնորդներ։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

«Սովորեք ՄԹ-ում» Շրջանավարտների մրցանակը նշանավորում է Միացյալ Թագավորության բարձրագույն կրթությունը և շրջանավարտների ձեռքբերումներն ամբողջ աշխարհում։ Մրցանակն այս տարի շնորհվեց է 9-րդ անգամ, և ավելի քան 100 երկրների շրջանավարտներ մասնակցության հայտ էին ներկայացրել  Միացյալ Թագավորության ավելի քան 140 բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Հաղթող ճանաչվեց Սոցիալական գործողության մրցանակ անվանակարգում եզրափակիչ փուլ անցած Մանչեսթրի համալսարանի շրջանավարտ Աննա Նիկողոսյանը։ Աննան Կանանց իրավունքների պաշտպանների միջազգային կոալիցիայի հաջորդ գործադիր համակարգողն է և Հարավային Կովկասում առաջին ֆեմինիստական գրադարանի՝ ՖեմԳրադարանի համահիմնադիրը։ Աննայի համայնքային կազմակերպման ջանքերը հիմնարար նշանակություն են ունեցել Հայաստանում ֆեմինիստական խոսույթի ձևավորման և ինտերսեկցիոնալ ֆեմինիստական շարժումների տարածման գործում:

Նույն անվանակարգում մրցանակ շնորհվեց նաև երկրորդ տեղը զբաղեցրած Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտ Արթուր Խալաթյանին։

Երկու մրցանակակիրներն էլ կստանան դրամաշնորհային ֆինանսավորում, որը կօգտագործեն իրենց ընտրությամբ մասնագիտական զարգացման հնարավորության համար:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել Բրիտականան խորհրդի հայաստանյան մասնաճյուղի Ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանի հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

  • Կիսվել: