շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բնակիչները պետք է վնասի փոխհատուցում ստանան, եթե ջուրը սահմանված ժամանակից ուշ է վերականգնվում. ՀԾԿՀ նախագահ (տեսանյութ)

Բնակիչները պետք է վնասի փոխհատուցում ստանան, եթե ջուրը սահմանված ժամանակից ուշ է վերականգնվում. ՀԾԿՀ նախագահ (տեսանյութ)

Ցանկացած վթարի համար սահմանված է վերացման ժամկետ, վթարի դեպքում «Վեոլիա ջուրը» պարտավոր է դրա մասին հայտարարել: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով նրն, որ հունվարի 2-ին Երեւանի տարբեր հատվածներում բնակիչները զրկված են եղել ջրից:

«Պլանային նորոգումներ այս սեզոնին չեն արվում, իսկ վթարի դեպքում իրենք պարտավոր են հայտարարել, և վթարի վերացման նվազագույն ժամկետներ կան: Եթե նվազագույն ժամկետը խախտվում է, ավտոմատ կերպով այն բնակիչները, որոնց ջուրը չի վերականգնվել, հաջորդ ամիս իրենց հաշիվներին ստանում են տուգանքներ քաղաքացու օգտին: Այսինքն՝ ձեր հաշիվների մեջ դուք տեսնում եք, որ որպես կանխավճար ձեզ տուգանք է վճարվել՝ առավելագույնը 2500 դրամ»,- պարզաբանեց Գարեգին Բաղրամյանը և հավելեց, որ այդ դեպքում ընկերությունը կարող է տուգանքի ենթարկվել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

«Եթե հայտնաբերեցինք, որ ընկերությունը սահմանված ժամկետից ուշ է միացրել ծառայությունը, և տուգանքները չի վճարել բաժանորդներին, ապա ընկերությունը տուգանքի է ենթարկվում և պարտավորվում է վերացնել խախտումը»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

Նա նաև նշեց, որ համակարգն ինքնաշխատ է, ջրանջատման առավելագույն ժամաքանակը 24 ժամն է, իսկ ՀԷՑ-ի պարագայում Երևանում առավելագույնը 4 ժամն է, մարզերում՝ 6 ժամը:

  • Կիսվել: