կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բնականոն կյանքին վերադառնալու միակ լուծումը պատվաստվելն է. Ավանեսյան

Բնականոն կյանքին վերադառնալու միակ լուծումը պատվաստվելն է. Ավանեսյան

Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում մայրաքաղաքի պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, որն անցկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ողջունելով ներկաներին` նախարարը տեղեկացրել է, որ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, օրերս ներկրվել է:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բնականոն կյանքին վերադառնալու և այս հիվանդությունը հաղթահարելու միակ լուծումը պատվաստվելն է: Նախարարը հավելել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու բոլոր հնարավոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են, որպեսզի լրացուցիչ քանակներ, նաև այլ պատվաստանյութեր ներկրվեն:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է «AstraZeneca» պատվաստանյութի կիրառման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկները, պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ առկա գիտական տվյալները, ցուցումներն ու հակացուցումները:

Մասնագետը սպառիչ պատասխանել է թեմայի վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերին:
Ամփոփելով քննարկումը` նախարարն ընդգծել է, որ պետք է լինել զգոն, ասեկոսեներին տուրք չտալ, հիմք ընդունել բացառապես մասնագիտական կածիքները, հետևել փաստերին և նույն սկզբունքով ուղղորդել նաև բնակչությանը:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովի (GACVS) 2021 թվականի մարտի 16-ի և 19-ի, Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի մարտի 18-ի հայտարարությունների համաձայն` «AstraZeneca» պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը:

Առկա տվյալները չեն ենթադրում, որ պատվաստանյութը կապված է արյան թրոմբոէմբոլիաների, խորը երակների թրոմբոզի կամ թոքային էմբոլիայի առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ: COVID-19-ի դեմ պատվաստումից հետո գրանցված թրոմբոէմբոլիաների դեպքերի թիվը համահունչ է բնակչության ընդհանուր պոպուլյացիայում սպասվող դեպքերի թվին: Դրանք կարող են զարգանալ նաև COVID-19-ի հիվանդության արդյունքում:

Չնայած Եվրոպայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումից հետո հաղորդվել են թրոմբոցիտոպենիայի հետ զուգորդված շատ հազվագյուտ և եզակի հանդիպող գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի դեպքեր, սակայն հաստատված չէ, որ դրանք առաջացել են պատվաստման արդյունքում:

  • Կիսվել: