կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բնագիտական 6 առարկաներ դասավանդող ուսուցիչները կստանան 25 տոկոս լրավճար՝ իրենց աշխատավարձի համամասնությամբ

Բնագիտական 6 առարկաներ դասավանդող ուսուցիչները կստանան 25 տոկոս լրավճար՝ իրենց աշխատավարձի համամասնությամբ

Նոր ուսումնական տարում բնագիտական 6 առարկաներ դասավանդող ուսուցիչները կստանան 25 տոկոս լրավճար՝ իրենց աշխատավարձի համամասնությամբ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է լրացնել մանկավարժների բացը դպրոցում և ոլորտում ներգրավել նոր մասնագետների: ԿԳՄՍ փոխնախարարը հիշեցրել է, որ մեկ այլ ծրագրով Կառավարության որոշմամբ՝ բնագիտական առարկաների ուսուցիչներ պատրաստող բուհերը 70000 դրամ կրթաթոշակ են տրամադրելու համապատասխան ֆակուլտետների ուսանողներին, գերազանցության դեպքում՝ 77000:

Բարձր կրթաթոշակի ծրագիր է գործում նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում: Գերակա մասնագիտությունների գծով, որոնց ցանկը հաստատվել Կառավարության կողմից, ուսանողները մինչև 50000 դրամ կրթաթոշակ կստանան: Նպատակը տվյալ մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է և մասնագետների պատրաստմամբ՝ աշխատաշուկայի բացը լրացնելը:

Անդրադառնալով մանկավարժական կարողությունների զարգացման ծրագրերին և խրախուսման մեթոդներին՝ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ այս տարվա կամավոր ատեստավորմանը հայտագրվել է 6355 մանկավարժ, ատեստավորման ժամաակացույցն արդեն հայտնի է: Հայտագրվածներից 1054-ը միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն են, 776-ը՝ նախորդ տարի կամավոր ատեստավորման դրական շեմը չհաղթահարածները, 555-ը՝ դպրոցներում չաշխատող, սակայն ուսուցչի որակավորում ունեցող մասնագետներն են:

  • Կիսվել: