ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է առավելագույնս զգույշ լինել հայերենի դասավանդման ծավալի և որակի վերանայման հարցում. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

Պետք է առավելագույնս զգույշ լինել հայերենի դասավանդման ծավալի և որակի վերանայման հարցում. «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

«Սասնա Ծռեր»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայագիտական առարկաների դասավանդման շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ:

Կուսակցությունը նշում է, որ վերոնշյալ խնդրին ԿԳՄՍՆ-ի մոտեցումը ոլորտի կառավարումը վերածում է չկշռադատված փորձարկումների գործընթացի:

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Հայաստանում հայոց լեզվի հետ կապված կարգավորումների ոչ վաղ անցյալի պատմությունը գործող իշխանությանը պետք է հուշեր առավելագույնս զգույշ լինելու հայերենի դասավանդման ծավալի և որակի վերանայման հարցում: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայիս ԿԳՄՍ նախարարը, ի պատիվ իրեն, եղել է «Օտարալեզու դպրոցների դեմ» շարժման առաջամարտիկ:

Ցավոք սրտի, գործող իշխանությունը, բարձրագույն դպրոցում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման վերանայման հարցում չի ցուցաբերել համակարգային-ռազմավարական մոտեցում, մասնավորապես՝ այդ վերանայումը չի պայմանավորել հանրակրթական դպրոցներում նշված առարկաների դասավանդման որակի զուգահեռ բարձրացմամբ:

Որպես արդյունք՝ նման մոտեցումը ոլորտի կառավարումը վերածում է չկշռադատված փորձարկումների գործընթացի: Դիտարկվող հարցում այդպիսի մոտեցումը հանրության շրջանում առաջ է բերել տեղին անհանգստություններ, իսկ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ի վնաս հայերենի փոփոխելու միջոցով օտարալեզու դպրոցներ բացած նախորդ ազգադավ ռեժիմի ներկայացուցիչներին հնարավորություն է տվել շահարկումների միջոցով երևույթը ծառայեցնելու իր ռևանշիստական նպատակներին:

Վերը նշվածը հաշվի առնելով, գործող իշխանությանը հորդորում ենք.

  1. այս և մյուս հարցերում որդեգրել համակարգային-ռազմավարական մոտեցում՝ ներգրավելով բավարար մասնագիտական ռեսուրս,
  2. զերծ մնալ չկշռադատված փորձարկումներից և բարձրագույն դպրոցում հայոց լեզվի և նշված մյուս առարկաների դասավանդման վերանայումը պայմանավորել հանրակրթական դպրոցում դրանց բավարար ծավալի և որակի ապահովման արդյունքով,
  3. ստեղծել բոլոր մակարդակների համար հայոց լեզվի և, առհասարակ՝ հայագիտական առարկաների ուսուցման ժամանակակից էլեկտրոնային միջավայրեր»:

  • Կիսվել: