չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բերետավորները վարկաբեկում են ոստիկանի համազգեստը և զանգվածաբար խախտում քաղաքացիների իրավունքները․ «ՀայաՔվե»

Բերետավորները վարկաբեկում են ոստիկանի համազգեստը և զանգվածաբար խախտում քաղաքացիների իրավունքները․ «ՀայաՔվե»

ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է ՀՀ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես` բողոքի գործողություններ, դասադուլներ և գործադուլներ իրականացնելու իրավունքը։ ՀՀ սահմանադրությունն ամրագրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը կարող է պահանջել իշխանության հրաժարականն ու համապատասխան բողոքի գործողություններ իրականացնել գործող վարչակազմից իր դժգոհությունն արտահայտելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը․

«ՀՀ քաղաքացիների այս սահմանադրական իրավունքներն այսօր հերթական անգամ կոպիտ կերպով խախտվել են ոստիկանական համազգեստ կրող անձանց կողմից, որոնք դուրս գալով իրենց լիազորություններից` զանգվածային և աննախադեպ բռնություններ են իրականացրել ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Այս վարմունքով ոստիկանական այսպես կոչված հատուկջոկատայիններն իրենց հավասարեցրել են փողոցային խուլիգանական բանդաներին` նպաստելով վարչախմբի իշխանությունն ամեն գնով պահպանելու գործին, զանգվածաբար ոտնահարելով ՀՀ քաղաքացիների իրավունքները և վերազանցելով սեփական լիազորությունները։

Սա նաև ապացույցն է այն հանգամանքի, որ վարչախումբը կորցրել է կապն իրականության հետ, հենվում է ոստիկանական բիրտ ուժի վրա, և իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով ոստիկանության հատուկ ջոկատայիններին մղում է նորանոր հանցանքների։

Հիշեցնում ենք, որ բոլոր հանցանքները վավերագրվում են, և դրանք իրականացրած անձանց հետևից վաղ թե ուշ գալու են իրավապահ մարմինները։ 

Դիմում ենք ՀՀ դատախազությանը` հորդորելով շուտափույթ կերպով քննություններ սկսել այս օրերին Հայաստանում ոստիկանության կողմից աննախադեպ ծավալի բռնությունների իրականացման դեպքերի կապակցությամբ, նաև պահանջում ենք ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների ու հատկապես ոստիկանապետի հրաժարականը, որն այս օրերին աչքի է ընկնում իր անհավասարակշիռ պահվածքով։

«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել հայրենիքի փրկության համար սկսված Սրբազան շարժմանը: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին դուրս գալ փողոց` ի պաշտպանություն Հայաստանի և ՀՀ քաղաքացիների իրավունքների։

Վարչախումբը պետք է հեռանա, ու դրան այլընտրանք չկա»։

 

  • Կիսվել: