երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«ՀայաՔվե» նախագծի ընդունումը փակելու է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհը. ՔՊ պատգամավոր

«ՀայաՔվե» նախագծի ընդունումը փակելու է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհը. ՔՊ պատգամավոր

 «ՀայաՔվե» նախագիծն ընդունելու, փաստաթղթավորելու արդյունքն ուղղակիորեն փակելու է խաղաղության ճանապարհը և Ադրբեջանին հնարավորություն է տալու միջազգային հանրության մոտ հիմնավորելու ՀՀ–ի դեմ հերթական ագրեսիան։ ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը` ներկայացնելով իշխող ուժի տեսակետը։
 
Նշենք, որ այսօր հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը մանրամասն ներկայացրեց օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները։ Իշխող ուժի մի շարք ներկայացուցիչների հետ բանավիճելուց հետո Մինասյանը հարց բարձրացրեց` արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերո՞ւմ է, թե՞ ոչ։
 
Նա ընդգծեց, որ եթե ՔՊ–ն կողմ չէ «ՀայաՔվե» նախագծին, թող առաջարկի իր տարբերակը, ինչպես գրված է ՔՊ–ի նախընտրական խոստման մեջ։
 
Պապոյանը հարց ուղղեց Մինասյանին, թե նախաձեռնությունն ընդունելու արդյունքում ինչ տեղի կունենա. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությունը կմեծանա՞, թե՞ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ նոր պատերազմի հավանականությունը կավելանա։
Մինասյանն արձագանքեց, որ «ՀայաՔվեն» բացարձակ կապ չունի խաղաղության կամ պատերազմի հետ։ Նախագծի հիմնական նպատակը Արցախի հարցում հայ ժողովրդի միասնականության, ներքին համախմբման մեխանիզմների ստեղծման գաղափարն է։
 
Նրա խոսքով` երբ գան լավ ժամանակներ, Հայաստանը հնարավորություն ունենա ազատագրելու իր հայրենիքը, այդ ժամանակ Արցախի ճանապարհը փակ չլինի։
«Դուք ասում եք` կգա լավ ժամանակ։ Այսպիսի նախագծեր ընդունելու, փաստաթղթավորելու դեպքում չի կարող գալ լավ ժամանակ, միանգամից գալու են վատ ժամանակները։
 
Չի կարելի այնպիսի դոկտրին ընդունել, որով դու քեզ հայտարարում ես բոլորին թշնամի, բոլորին` քո թշնամի։ Եկեք ուրիշ տեսանկյունից նայենք։ Ինչ–որ երրորդ պետություն ընդունում է օրենք, որով Հայաստանի մարզերից մեկը ճանաչում է իր անբաժանելի մասը։
 
Մենք երբևէ այդ պետության որոշման հետ կհաշտվե՞նք, թե՞ ոչ։ Բնականաբար, այնպես պետք է անենք, որ այդ պետությունն իր որոշումը չեղարկի հոժարակամ կամ ոչ հոժարակամ»,– ասաց Պապոյանը։
 
Նա հարցրեց` իրենք իրավունք ունե՞ն այնպիսի որոշումներ կայացնելու, որոնց հետևանքով երկրի գլխին հերթական փորձանքը բերեն։ Պապոյանն ընդգծեց, որ հայոց պատմության ընթացքում էմոցիոնալ որոշումները միշտ հանգեցրել են մահվան, հայրենազրկման և պետություն կորցնելու. այժմ ռացիոնալ որոշումներ կայացնելու ժամանակն է։

  • Կիսվել: