կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելգիական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել ու ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ-ի հետ

Բելգիական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել ու ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ-ի հետ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից:
 
«Վահե Ղազարյանը ողջունել է դեսպանին ու շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստան բռնագաղթելուց հետո ստեղծված իրավիճակն ու բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքը։
 
ՆԳ նախարարը կարևորել է նաև Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանի երկրների համար ենթադրում է կայուն, անվտանգ միջավայր և կարող է հանդիսանալ խաղաղության երաշխիք։
 
Էրիկ դե Մույնքը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խոսել է երկկողմ սերտ ու արդյունավետ համագործակցության մասին և Բելգիայի կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել ու ընդլայնել այն։
 
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման, համալրման գործընթացը, ինչպես նաև ենթակա ծառայություններում՝ Ոստիկանությունում, Փրկարար,
Միգրացիայի և քաղաքացիության ծառայություններում բարեփոխումների ընթացքը։
 
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև վիզաների ազատականացման, անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացին և համագործակցության հետագա ուղղություններին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: