շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. Volkswagen-ը հարվածել է էլեկտրասյանը, Toyota-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. Volkswagen-ը հարվածել է էլեկտրասյանը, Toyota-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 20-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Արամ Կ.-ի վարած Toyota Corolla մակնիշի 70 AQ 970 համարանիշի և 34-ամյա Վաղինակ Մ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 QՏ 365 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ն ու Toyota-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, Volkswagen-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է: 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսայնը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Մայիլյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անդրանիկ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար, քանի որ բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական ու ամեն անգամ բարձրաձայնվել է, որպեսզզի պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Հայավտոճանը հետևություններ անեն, սակայն ասես պաստախանատուները կամ ուխտի ականջում են քնել կամ ջայլամի կեցվածք են ընդունել: Գոնե այս վթարից հետո պատկան մարմինները մի պահ մտածեն, որ մարդը գերագույն արժեք է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 10-ին հերթական խոշոր ավտովթարն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն հայտնի դարձած՝ «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում բախվել էին 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Hyundai մակնիշի 05 ՏR 055 համարանիշի և 62-ամյա Խաչատուր Ս.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZZ 835 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Hyundai-ի վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրանց առաջինը օգնության էին հասել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները: Իսկ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ վթարի հետևանքով, երբ Hyundai-ը բախվել էր երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում, վարորդի ոտքերի թաթային հատվածը կտրվել էր և այդ հատվածը շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց:

 

  • Կիսվել: