հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաթումիում ադրբեջանցու կողմից դանակահարված 17-ամյա հայ տղան վիրահատվել է. մանրամասներ

Բաթումիում ադրբեջանցու կողմից դանակահարված 17-ամյա հայ տղան վիրահատվել է. մանրամասներ

Վրաստանի Բաթումի քաղաքում ադրբեջանցու կողմից դանակահարված հայ անչափահաս տղայի առողջական վիճակն արդեն լավ է: Վերակենդանացման բաժանմունքից նրան հավանաբար մոտ օրերս կտեղափոխեն հիվանդասենյակ:

Տուժած 17-ամյա Մարտին Ուստյանը Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում է (հիվանդանոցի անունը չի նշվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով): Հուլիսի 3-ին Սեւ ծովի ափերից մեկում ընկերների հետ հանգստանալիս է եղել Մարտինը, երբ ազգային հողի վրա միջադեպ է տեղի ունեցել:

Մարտինը Ջավախքից է, Ախալքալակի Գոման գյուղից: Տղայի համագյուղացիներից մեկը «Հայկական ժամանակին» փոխանցեց, որ նրա ինքնազգացողությունն արդեն լավ է, մեկ վիրահատություն է տարել, բարեհաջող է անցել, ամենաուշը 5 օրից երիտասարդին հիվանդանոցից դուրս կգրեն: Մարտին Ուստյանը վնասվածք էր ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ Վրաստանում գործող JNEWS լրատվականի՝ միջադեպի օրը Մարտինն իր ընկերների հետ է եղել: Տղաները 3 օրով հանգստանալու էին գնացել, սակայն դանակահարության դեպքից հետո անմիջապես վերադարձել են տուն: Նրանք բոլորն անչափահասներ են: 17-ամյա Համո Սամվելյանը կարողացել է փախչել ադրբեջանցիների հարձակումից եւ ընկերներին օգնության կանչել։ Նա լրատվամիջոցին պատմել է, որ ծովի ափին 5 հոգով են եղել, երբ իրենց են մոտեցել ինչ-որ տղաներ եւ ռուսերենով ասել՝ «որտեղի՞ց եք»: Տղաներն ասել են, որ հայ են, նրանք էլ հայտնել են, որ ադրբեջանցիներ են:

«Մեզ ասեցին, եթե հայ եք, ուրեմն  ձեզ հետ պրոբլեմ կա: Ակնհայտ կռիվ էին փնտրում: Մի կողմ գնացինք: Բայց մեր հետեւից եկան՝ մի քանի անգամ կրկնելով՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Մենք էլ ասացինք, որ Ղարաբաղը մերն է, ու այդ ժամանակ հարձակվեցին մեզ վրա, քարերով հետեւներիցս էին ընկել: Մենք 5 հոգով էինք, իրենք՝ 12, տարիքով՝ մեզնից մեծ»- պատմել է 17 ամյա պատանին: Միջադեպի հետեւանքով տուժել է նաեւ 15-ամյա Արթուր Այվազյանը: Նրա ականջն է վնասվել:

Ադրբեջանցիները տղաներին հանգիստ չեն թողել, հետապնդել են, իրենցից մեկը հասցրել է զանգով օգնություն կանչել այդտեղ հանգստացող ու ծանոթ այլ տղաներից: Բավականին մեծ կռիվ է սկսվել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Բարեբախտաբար, տարածքում ոստիկաններ են եղել, որոնք միջամտել են: Կատարվածի հետեւանքով տուժել է նաեւ մեկ ոստիկան։ Այն ադրբեջանցին, որը դանակով խփել է 17-ամյա Մարտինին, վնասել է նաեւ ոստիկանի ձեռքերը:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ Մարտինին դանակահարած ադրբեջանցին բերման է ենթարկվել: Նա Ադրբեջանի քաղաքացի է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու համար): Այս հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակումով կամ առանց դրա:

  • Կիսվել: