շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բանակում հարցեր լուծելու համար տարբեր մակարդակի պաշտոնյաներ գումարներ են վերցրել և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների ժամանակ. ԱԱԾ նախկին տնօրեն

Բանակում հարցեր լուծելու համար տարբեր մակարդակի պաշտոնյաներ գումարներ են վերցրել և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների ժամանակ. ԱԱԾ նախկին տնօրեն

ArmLur.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից մեկնաբանություն խնդրեց Երեկ Ազգային ժողովում միջադեպի մասով,թե ինչպես պաշտպանության նախկին նախարարը շիշը շպրտեց պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա:

-Պարոն Համբարձումյան, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը չի ընդունում քննադատությունը, ինչի արդյունքում շշեր են շպրտում միմյանց վրա , հայհոյում ու ծեծում:

-Չի կարելի դավաճան եզրույթը մարդուն զուտ վիրավորելու և վարկաբեկելու նպատակով օգտագործել, այլապես՝ դա վերածվում է զրպարտության և դատարկախոսության: Պետք է հասկանալ, որ պետական, հետևաբար հայրենիքի դավաճան կարող է բացառապես լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով դիտավորությամբ գործողություններ է կատարել ի նպաստ թշնամու և նրա օգտին:

Ի՞նչ է նշանակում ձևակերպումը, որ, եթե նախարարի ժամանակ գումարով կամ զանգերով ծառայության հետ կապված ինչ-ինչ հարցեր են լուծվել, ուրեմն այդ նախարարը դավաճան է: Սա անթույլատրելի, անհասկանալի տրամաբանություն է, անհիմն մեղադրանք և ակնհայտորեն զուտ մեկ նպատակ կարող է հետապնդել՝ վիրավորել և վարկաբեկել նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին, տվյալ դեպքում՝ Սեյրան Օհանյանին, առանց հաշվի առնելու վերջինիս անձը, անցած ճանապարհը, հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակը:

Բանակում հարցեր լուծելու համար տարբեր մակարդակի պաշտոնյաներ գումարներ վերցրել են և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների ժամանակ ու դրանք անժխտելի և արձանագրված բազմաթիվ փաստեր են, սակայն դա չի նշանակում, որ նախարարները կամ երկրի ղեկավարները, այդ թվում՝ ներկայիս նախարարը կամ վարչապետը, նշված հանցավոր երևույթների հետ ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել կամ կարող են ունենալ, և նրանք դավաճաններ են:

Նախկինում, երբ որևէ մեկի հասցեին տրվում էր դավաճան որակումը, դա համարվում էր լրջագույն, ինչու չէ՝ սարսափելի մեղադրանք, որի հիմնավորվածության համար, առնվազն հանրության առջև, պատասխան պետք է տար և՛ մեղադրողը և՛ մեղադրվողը: Այնպես, որ պետք է զգույշ և պատասխանատու լինել սեփական խոսքում, արտահայտություններում, խոսել առարկայական և փաստարկված, այլապես մենք ԱԺ-ում, ինչու չէ նաև փողոցներում, դեռ ականատես կլինենք նմանօրինակ կամ ավելի ծանր բազմաթիվ դեպքերի:

  • Կիսվել: