Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից ավտոմեքենա էին գողացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Ուկրաինայի քաղաքացի, 23-ամյա Վ. Լովանսկին եւ հայտնել, որ հունիսի 27-ին՝ ժամը 20:15-ից մինչեւ հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքի ԱՊՊԱ պայմանագրերի կնքման կետի մոտ կայանված իրեն պատկանող Chevrolet Camaro տարանցիկ համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը:
Գողության դեպքով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները կարճ ժամանակում ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հսկայածավալ գրագետ եւ ճիշտ աշխատանքի արդյունքում պարզում են գողություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը եւ մեկնում նրա բնակության վայր, սակայն այդ տղամարդը այնտեղ չի լինում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Արմեն Մ.-ն է, ով հայտնաբերված ավտոմեքենայի փաստով կազմված փաստաթղթերով ներկայացվում է Նոյեմբերյանի քննչական բաժին: