ԱԺ նախագահը չի մասնակցի ԱԱԽ նիստերին, ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 92 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Ընդերքի մասին օրենսգրքում և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Քվեարկության դրվեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը, որով նախատեսվում է, որ Ազգային ժողովի նախագահը պետք է իրավունք ունենա մասնակցել Ազգային անվտանգության խորհրդի նիստերին։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին այս նախաձեռնությանը, ինչը վրդովվեցրեց «Իմ քայլը» խմբակցությանը։ Նշենք նաև, որ եթե ամբողջ խմբակցությունը ներկա լիներ քվեարկությանը, ապա նրանց քվեարկության արդյունքում օրենքը կընդունվեր։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ իրենք ներկայացրել էին առաջարկություններ՝ ԱԺ խմբակցությունների ղեկավարները ևս մասնակցեն ԱԽ նիստերին, մերժվել են։ Իրենք էլ փաթեթին են դեմ քվեարկել։
Նա նաև հորդորեց հարգել միմյանց տեսակետները, քանի որ դրանք կարող են տարբեր լինել։