հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ-ն քննարկեց ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու ընթացակարգերը հեշտացնող նախագծերի փաթեթ

ԱԺ-ն քննարկեց ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու ընթացակարգերը հեշտացնող նախագծերի փաթեթ

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու ընթացակարգերը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն Աժ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Նա նշեց, որ այդ նախագծերով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների ամբողջովին նոր համակարգ: ՛՛Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների միջոցով,իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող- որոշում կայացնող շփումները՛՛,-ասաց  Դանիելյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ստեղծվում է էլեկտրոնային դիմումների ներկայացման հնարավորություն: ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը հնարավոր կլինի  իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով: Այսպիսով, ըստ փոխնախարարի, գրեթե բոլոր գործընթացներում նվազեցվում է վարչարարությունը:

Հանվել է, մասնավորապես, օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պահանջը, և այժմ բավարար է որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությունը՝ հաստատված հայերեն թարգմանությամբ: 

Դանիելյանը նաև նշեց. ՛՛Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կարող է տեղի ունենալ դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, մենք սահմանել ենք՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ` անվան անբարեհնչություն, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր՛՛:

Ինչ վերաբերում է ուղղագրական սխալների փոփոխմանը, ապա դրա համար սահմանվել է մինչև 3 օր ժամկետ:

 

  • Կիսվել: