ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ-ն դեմ քվեարկեց ԼՀԿ-ի ներկայացրած՝ «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին

ԱԺ-ն դեմ քվեարկեց ԼՀԿ-ի ներկայացրած՝ «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին

ԱԺ-ն դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին:

Նախագիծը ներկայացրել էր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ անիմաստ է արտակարգ դրության ռեժիմի պահպանումը, այն բազմաթիվ սահմանափակումների տեղիք է տալիս Հայաստանից դուրս եկող քաղաքացիների համար: 

Մարուքյանի կարծիքով՝ Հայաստան եկող կանոնավոր չվերթները չեն վերականգնվում, և դեռ հարց է՝ թե բանակցությունների արդյունքում այդ չվերթները կվերականագնվեն, թե ոչ: 

Նա նաև նշեց. ՛՛Բաց տարածքներում դիմակի կրումը անիմաստ է, փակ տարածքներում`խանութ, գրադարան, հանրային տրանսպորտ՝ պարտադիր է: Պետք է պահպանել փակ տարածքներում դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունը և հետևել հիգիենայի կանոներին: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արտակարգ դրության ռեժիմի հանման դեպքում չենք կարող ինքնամեկուսացման ռեժիմը պահել, մենք իրավակարգավորում ունենք,  որ եթե մարդը գիտի, որ ինքը վարակակիր է և գիտակցաբար վարակում է այլ մարդկանց, պատասխանատվության է ենթարկվում:

Հետևաբար, վարակակրին կարելի է ծանուցել, որ վարակակիր եք՝ մեկուսացեք: Ինչքան շուտ հանենք արտակարգ դրությունը, այնքան մեր քաղաքացիները, հայրենակիցները, որոնք ցանկանում են վերադառնալ կամ մեկնել Հանրապետությունից՝ կշահեն, կշահի նաև տնտեսությունը, և մեր երկիրը:

Առաջարկում ենք, որ Խորհրդարանը չեղարկի Կառավարության արտակարգ դրության երկարաձգելու որոշումը, որի արդյունքում Կառավարությունը  պարտավորված կլինի արագ գալ Խորհրդարան և արագ ընդունել մյուս օրենքները»:

Նրա խոսքով՝  այժմ ցուցակագրվում են, թե  ՀՀ որքան քաղաքացիներ են  իրենց անձնական մեքենաներով ցանկանում Վրաստանից վերադառնալ հայրենիք: Նա կարևորեց, որ երբ Հայաստանի Կառավարությունը Վրաստանի հետ  սկսի քննարկումները,  հրապարակվի,  թե  որ ժամին և քանի մեքենա  է ուղեկցվելու Հայաստանի Հանրապետություն, կարևոր է նաև, որ  հնարավորություն տրվի  ՀՀ քաղաքացիների գույքը վերադարձնել Հայաստան:

Այնուամենայնիվ, որոշումը չընդունվեց կողմ` 22, դեմ` 68 ձայներով:

Նշենք, որ քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ խմբակցությունը դեմ կքվեարկի նախագծին:

Հիշեցնենք նաև, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու ԼՀԿ-ի առաջարկին:

 
 

  • Կիսվել: